ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի շարունակել շփումները Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակում գրառման մեջ։
«Մեծ պատիվ էր ժամանակ անցկացնել Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Հուսեյն աշ-Շարաայի հետ, որի ընթացքում մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում խաղաղության բոլոր նրբությունները, որի մեծ ջատագովն է նա։ Ես անհամբերությամբ սպասում եմ կրկին հանդիպելուն և զրուցելուն։ Բոլորը խոսում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող Մեծ հրաշքի մասին։ Կայուն և հաջողակ Սիրիա ունենալը շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար», – գրել է Թրամփը։
Մայիսի 14-ին ԱՄՆ-ի և Սիրիայի առաջնորդները 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել էին Էր Ռիադում և բանակցություններ վարել։Հուլիսի 1-ին Թրամփը կատարողական հրամանագիր էր ստորագրել, որով չեղարկվել էին Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Պատժամիջոցները, սակայն, չեն վերաբերում Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին կամ նրա հետ կապված անձանց:
Օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Ահմեդ աշ-Շարաային հանել էին պատժամիջոցների ցուցակից։
Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի նախագահին։ Այս իրադարձությունը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։