Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հոկտեմբերի 19-ին Պակիստանի ռազմաօդային ուժերի կոնտինգենտը, որը բաղկացած էր նորագույն JF-17 Thunder Block-III կործանիչներից, ինչպես նաև փորձառու թռիչքային և ցամաքային անձնակազմից, ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Indus Shield Alpha երկկողմանի օդային զորավարժություններին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պակիստանի ռազմաօդային ուժերին:
Ըստ այդմ, Indus Shield Alpha զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու եղբայրական ռազմաօդային ուժերի միջև փոխըմբռնումը, մարտավարական համակարգումը և փոխգործունակությունը: Զորավարժությունները շեշտը դնում են ժամանակակից օդային մարտական մարտավարության, համատեղ առաքելությունների պլանավորման և կատարման վրա՝ արագ զարգացող տեխնոլոգիաների և օդային ուժերի փոփոխվող դինամիկայի պայմաններում:
Ավելին, զորավարժությունները կդառնան կարևոր հարթակ՝ օպերատիվ փորձի փոխանակման և օդային պաշտպանության ոլորտում նոր մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ լուծումներ մշակելու նպատակով, նշում են աղբյուրները:
Ավելի վաղ, ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Բաքու է ժամանել Պակիստանից գնված վերոնշյալ կործանիչների առաջին խմբաքանակը:
Իսրայելական ուժերը հոկտեմբերի 20-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի շրջան և խուզարկություններ իրականացրել։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ երկու ռազմական մեքենաներից և մի քանի զինվորներից բաղկացած իսրայելական պարեկախումբն անցակետ է տեղադրել և սկսել խուզարկել ու հետապնդել անցորդներին։ Խուզարկություններ իրականացնելուց հետո նրանք լքել են տարածքը։Հոկտեմբերի 19-ին իսրայելական ուժերը ներխուժել էին Կունեյտրայի մի քանի գյուղեր։
Դարաայի և Կունեյտրայի նահանգների որոշ շրջաններում նկատվել են ցածր բարձությամբ թռիչքներ կատարող ռազմական ինքնաթիռներ։
Ըստ սիրիական աղբյուրների՝ իսրայելական ուժերը շարունակում են անհարմարություններ ստեղծել Կունեյտրայի շրջանի բնակիչների համար։ Ջուբաթա ալ-Խաշաբ շրջանում իսրայելական ուժերի կողմից տեղակայված բազայի առկայության պատճառով բնակիչները չեն կարողանում մոտենալ իրենց հողերին:
Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը նախազգուշական կրակոցներ և ծխառումբեր են արձակում բնակիչների ուղղությամբ։
2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։
Սիրիական կողմը հաղորդում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին հայտարարել է, որ խաղաղ կարգավորման ճանապարհը լի է լինելու «վերելքներով և վայրէջքներով»։
«Մենք կարծում ենք, որ կա կայուն խաղաղության լավ հնարավորություն։ Բայց նույնիսկ եթե ամեն ինչ լավ ստացվի, կլինեն վերելքներ և վայրէջքներ, և մենք մտադիր ենք հետևել իրավիճակին»,- նրա խոսքերն է մեջբերում Agence France-Presse-ը։
ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի առնվազն երեք տարվա ինքնապաշտպանության միջոցներ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Իրոք, առաջիկա շաբաթներին մենք մտադիր ենք Ուկրաինային տրամադրել առնվազն երեք տարի ինքնապաշտպանության միջոցներ՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինային տրամադրվող վարկի միջոցով, որը կվերադարձվի ժամանակին Ռուսաստանի կողմից Ուկրաինային վճարված փոխհատուցումների միջոցով», - նշել է Բարոն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
ԱԳ նախարարը նաև առաջարկել է եվրոպացի պաշտոնյաներին սկսել աշխատել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի վրա։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված 30․09․2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30․09․2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» (արտադրված 30․09․2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա մուտք գործի Կանադա։
Bloomberg-ին տված հարցազրույցում Քարնիին հարցրել են, թե արդյոք նա կկատարի իր նախորդ Ջասթին Թրյուդոյի պարտավորությունը՝ կալանավորել Նեթանյահուին պատերազմական հանցագործությունների մեղադրանքով, որին Քարնին պատասխանել է «այո»։
Անցյալ շաբաթ Միջազգային քրեական դատարանը մերժել է Իսրայելի բողոքարկումը՝ Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի դեմ տրված ձերբակալման օրդերների վերաբերյալ։
Ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձինք։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից:
Տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է, քանի որ ձերբակալվածներին նոր են հասցնում ոստիկանական բաժիններ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է Գյումրու քաղաքապետարանի մոտ։ Շենքի տարածքում շարունակում են գտնվել մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Ոստիկանները շրջապատել են համայնքապետարանի շենքը՝ փակելով մուտքերը։ Իսկ քիչ առաջ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին։
Մենք նախագծի շուրջ աշխատում ենք շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել, մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնականացվում են: Մենք ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին:
«Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը, այնպես որ, այո՛, առաջին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականը իրականացնելը, ես իրատեսական եմ համարում: Ուզում եմ հիշեցնել՝ առաջին փուլի համար նախատեսված է, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ը կլինի ակադեմիական քաղաքում, մենք կունենանք շուրջ 3,600 ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի քաղաքը սկսի գործել և մնացածն արդեն հետագա փուլերի ժամանակ կամբողջացվի»,-նշել է նա:
Հարցին՝ որքա՞ն է կազմում այդ մեգանախագծի համար նախատեսվող գումարը՝ նախնական հաշվարկով, նախարարը ձեռնպահ է մնացել նշել:
«Այս փուլում մենք գտնվում ենք ֆինանսական և ներդրումային պլանի մշակման ընթացքում, աշխատում ենք հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ և առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ կունենանք ամբողջական թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը: Սա նշանակում է, որ մենք պլանավորում ենք այս մեծածավալ ծրագիրը ոչ միայն պետական բյուջեի միջոցներով իրականացնել, այլ ունենալ նաև ներդրումային համապատասխան միջավայր և տարբեր բաղադրիչներով ներգրավենք գործընկերների»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նա հավելել է, որ ծրագրին արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն կա և առաջիկայում կունենան առանձին ներդրումային աշխատաժողովներ, որտեղ կներգրավվեն մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ծրագրի հետագա ֆինանսավորումը ապահովելու համար։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։
Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կազմել է 383.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.28 դրամ (նվազել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-443.3 դրամով, վաճառվում է 447.5–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.56-4.69 դրամով, վաճառվում է 4.73-4.90 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.63 դրամով, վաճառվում է 4.72 դրամով: