Հյուսիսային Կարոլինայում TikTok-ի ինֆլուենսեր Բրենայ Քենարդը, որն ունի գրեթե 3 միլիոն հետևորդ, պարտավորվել է վճարել 1.75 միլիոն դոլար իր մենեջեր Թիմ Մոնտագուի ամուսնությունը փլուզելու համար, հաղորդում է WTVD-ն՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։

Հայցը ներկայացրել է մենեջերի նախկին կինը՝ Ակրիա Մոնտագուեն, որը պնդում է, որ Քենարդը գայթակղել է իր ամուսնուն։ Հայցվորը սկզբում պահանջել է 3.5 միլիոն դոլար փոխհատուցում՝ համաձայն Հյուսիսային Կարոլինայի «ամուսնությանը միջամտելու վնասի մասին» օրենքի։
Այս հազվագյուտ օրենքը թույլ է տալիս ամուսնուն դատի տալ երրորդ կողմին, եթե այդ երրորդ կողմը տեղյակ է եղել ամուսնության մասին և ակտիվորեն միջամտել է՝ վնասելով այն։ ԱՄՆ-ում այս օրենքը գործում է միայն վեց նահանգներում։ Ակրիայի փաստաբան Ռոբոնետա Ջոնսը շեշտել է. «Տիկին Քենարդը բացահայտորեն հրապարակել է իր հարաբերությունները ամուսնացած տղամարդու հետ, և դա տարածվել է համացանցում։ Իմ հաճախորդը հրապարակայնորեն նվաստացվել է»։
Դատարանը պարզել է, որ սիրավեպը պատճառել է հուզական տառապանք, վատթարացրել է առողջությունը և զրկել երեխաներին լիարժեք ընտանիքից։ Այնուհետև Մոնտագուին պարտավորեցրել են վճարել 1.5 միլիոն դոլար ամուսնությանը միջամտելու և 250,000 դոլար «քրեական մտերմության» համար։ Սա նահանգի պատմության մեջ նմանատիպ երրորդ ամենամեծ դեպքն է։
Քենարդը հերքել է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Ակրիան տեղյակ էր ամուսնության մեջ առկա խնդիրների մասին և համաձայնություն էր տվել հարաբերություններին։ Այնուամենայնիվ, դատարանը ապացույցները՝ ավելի քան 700 էջ նյութ, այդ թվում՝ լուսանկարներ և նամակագրություն, բավարար է համարել դատավճիռ կայացնելու համար։
«Սա ցույց է տալիս, որ ուրիշի ամուսնությանը միջամտելը հետևանքներ ունի»։ «Հյուսիսային Կարոլինայում դրա համար պատժամիջոցներ կան, և գուցե մարդիկ երկու անգամ մտածեն, նախքան այսպիսի հարաբերությունների մեջ մտնելը», - ասել է փաստաբան Ջոնսը։