Երկաթուղին անցնելու է խորհրդային շրջանում գոյություն ունեցած երթուղով, գազամուղն ու էլեկտրական գծերը անցնելու են էականորեն դեպի հյուսիս
Նոյեմբերի 12, 2025

Երկաթուղին անցնելու է խորհրդային շրջանում գոյություն ունեցած երթուղով, գազամուղն ու էլեկտրական գծերը անցնելու են էականորեն դեպի հյուսիս

By Նոյեմբերի 12, 2025 4

Մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը թղթի վրա պետք է նկարագրի «Թրամփի ուղու» հետ կապված բոլոր մանրամասները։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«2026 թվականի առաջին կեսին պետք է դրանք բոլորը համաձայնեցնենք, 2–րդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը, սակայն սա այսօր չէի ուզում ներկայացնել, քանի որ ժամկետի մեջ նման պլանները միշտ շեղում են ունենում»,– հայտարարեց Փաշինյանը։ 

Նա նշեց` ԶԼՄ–ներից տեղեկացել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ մի շարք կարևոր այլ թեմաների շուրջ, և այդպիսով օբյեկտիվ հանգմանքների բերումով նրանք ծանրաբեռնվում են տարբեր թեմաներով։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ժամանակացույցը հստակ աշխատի։ Մենք նաև հստակ ըմբռնումներ ունենք»,– վստահեցրեց նա։

Անդրադառնալով երկաթուղու թեմային` ՀՀ վարչապետն ասաց, որ այն անցնելու է խորհրդային շրջանում գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, քանի որ այլ տեղ երկաթուղի կառուցելն իրատեսական չէ։

Ըստ Փաշինյանի` գազամուղն ու էլեկտրական գծերն անցնելու են էականորեն դեպի հյուսիս։ 

«Ուսումնասիրությւնները մենք արդեն տեղում սկսել ենք, ու չենք կարող ասել` որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնանաք, որոնք` Վայոց Ձորի։ Քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, սակայն, այնուամենայնիվ, տեղանքն ու բնությունն այլ բան են»,– ասաց նա։ 

Փաշինյանն ասաց, որ այս պահին հստակ չէ միայն, թե նավթամուղի հետ կապված ինչ կարող է լինել, քանի որ այլ հաշվարկներ ու ներդրումներ կան։ Ըստ նրա` այդ ամենը կախված կլինի նաև նավթի միջազգային գներից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Rate this item
(0 votes)

Լրահոս