«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջեւ բանակցություններ են ընթացել, այս մասին հայտնել էր «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ-ի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը։
Ծառայությունը խնդրել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը 2023 թվականի ապրիլի 5-ից սկսած կասեցնել կաթնամթերքի՝ Ռուսաստան արտահանման համար տրամադրվող վկայականը։
Հրապարակման մեջ նշվել էր, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հիմնվելով Հայաստանի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելու ջանքերի արդյունքների վրա։
ArmLur.am-ի խմբագրություն պարբերաբար ահազանգեր են ստացվում, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։
Այս խնդրի վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի անգամ բանավոր եւ գրավոր կերպով դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին եւ Պետական եկամուտների կոմիտեին։
Այս կառույցներից, թերեւս, Պետական եկամուտների կոմիտեն էր, որ թվային որոշակի տվյալներ էր փոխանցել: Սակայն ՍԱՏՄ-ին դուր չէր եկել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցն ուղղված Փաշինյանին։
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ տեղյա՞կ է նա արդյոք իրանական սերուցքի վերաբերյալ ռուսական կողմի դժգոհություններից, եւ հնարավո՞ր է՝ վերջինս հորդորի ի վերջո մանրակրկիտ ուսումնասիրել սերուցքի ծագման աղբյուրը եւ եղանակը։
Փաշինյանը խոստացավ զբաղվել բարձրաձայնված խնդրով, նաեւ հետաքրքրվեց՝ մենք իրենց (ՍԱՏՄ-ին – խմբ.) հարցում ուղարկե՞լ ենք։ «Ժողովուրդ»-ի լրագրողը դրական պատասխան տվեց. «Այո՛, ֆեյսբուքյան «Մեսենջեր» հավելվածի միջոցով հարց է ուղղվել, եւ ՍԱՏՄ-ից ստացել ենք մեզ չբավարարող պատասխան»։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, վերահսկողություն է իրականացնում երրորդ երկրներից ներմուծվող սննդամթերքի՝ այդ թվում նաեւ իրանից ներմուծվող կաթնամթերքի, մասնավորապես՝ սերուցքի, նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվում է հաշվի առնելով բեռի ռիսկայնության (բարձր, միջին եւ ցածր) գործոնը: Նախ ստուգվում են սննդամթերքն ուղեկցող փաստաթղթերը, որոնց թերի լինելու դեպքում, ապրանքը երկիր մտնել չի կարող՝ մի քանի գործոններով պայմանավորված: Օրինակ, եթե բացակայում է որակի եւ անվտանգության կառավարման համակարգի մասին վկայող փաստաթուղթը, բեռը համարվում է բարձր ռիսկային եւ խմբաքանակի նմուշները հանձնվում են լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում բեռի ներմուծումը Հայաստան կասեցվում է: Ռիսկայնության չափորոշիչներին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2013 թ. 218-Ն որոշման մեջ»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը շտապեց «ապահովագրել» իրեն եւ մի մեծ հրապարակում էր արել, թե ««Ժողովուրդ» օրաթերթը մեզ հարցում չի ուղարկել», որ հետո վարչապետն այն չպահանջի:
Սակայն բանավոր հարցումը եւս հարցում է՝ մամուլի քարտուղարի միջոցով ուղարկված։
Իրանական սերուցք այժմ եւս ներկրվում է Հայաստան, բայց ռուսական կողմն ընտրել է հայկական 9 ընկերություն, որոնց արտադրած կաթնամթերքի մուտքը արգելափակված չէ դեպի ՌԴ, սակայն դրանք պետք է օգտագործեն իրանական 5 ընկերությունների արտադրած թույլտվություն ստացած սերուցքը։
ՍԱՏՄ-ի ղեկավարը փորձում է սեփական անգործությունը քողարկել մեկ հարցման պատմությամբ, մինչդեռ այն փաստը, որ հայ հասարակությունը օգտագործում է Իրանից ներմուծվող անհայտ ծագման եւ վտանգավոր սերուցք, իսկ տեղական արտադրողը խաբվում է էժան գնից, կարծես թե Պետրոսյանին չի անհանգստացնում։
Կարեւորը՝ թղթերով ամեն ինչ մաքուր է. որակը էական չէ:
Մենք կհասնե՛նք որակի փորձաքննության պաշտոնական պատասխաններին»։