Փաշինյանն ու Ալիևն արձագանքել են Թրամփի գրառմանը
Սեպտեմբերի 17, 2025

Փաշինյանն ու Ալիևն արձագանքել են Թրամփի գրառմանը

By Սեպտեմբերի 17, 2025 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։

ԱՄՆ նախագահը X սոցիալական ցանցում հրապարակել է երեք առաջնորդների՝ Վաշինգտոնում արված լուսանկարն ու կից գրել. «Մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի հետ ու միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին։
«Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի հետ այդ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չէր հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման հետագա աշխատանքներին»,- գրել է նա:

Ալիևն էլ Թրամփին արձագանքել է մեկ այլ լուսանկարով, որում ինքն ու Փաշինյանն են, իսկ նրանց հետևում՝ ԱՄՆ նախագահի նկարը։ Ալիևը գրել է, որ բարձր է գնահատում Թրամփի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Ալիևը Թրամփին անվանել է «հավերժական բարեկամության ճարտարապետ»։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Rate this item
(0 votes)

Լրահոս