Կտրականապես հերքում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները՝ Իրանի վրա հարձակվելու համար ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման, մասնավորապես՝ Իրանի դեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։
«Նման մեղադրանքները վնասում են ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։
Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարի կողմից վերջերս բացատրություն տրված հստակ դիրքորոշման ֆոնին, Իրանի դեսպանի նման հայտարարությունները գնահատվում են որպես բացահայտ սադրանք։
Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես հերքում է իր օդային տարածքը կամ տարածքը որևէ երկրի կողմից հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ այլ պետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար ենթադրյալ օգտագործման վերաբերյալ ցանկացած մեղադրանք։ Այս մեղադրանքները անհիմն են և չեն հիմնավորվում որևէ հուսալի ապացույցով։
Ակնկալում ենք, որ իրանական կողմը միջոցներ կձեռնարկի երկկողմ հարաբերությունների ոգուն հակասող նման գործողությունները կանխելու համար, ինչպես նաև համապատասխան քայլեր կձեռնարկի դեսպանի հայտարարությունների կապակցությամբ, ով իր երկրի շահերը ներկայացնելու փոխարեն պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում», – նշել է Հաջիզադեն։