Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետության ղեկավար, պետք է որ մասնակցի համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա 2026 թ. գարնանը Երևանում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` հստակ չպատասխանելով հարցին։
Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյոք Էրդողանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և կգա Հայաստան։
«Որպես կանոն` հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին և որպես կանոն` անդամ բոլոր պետությունները` ղեկավարների մակարդակով մասնակցում են»,– հստակեցրեց նա։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։
Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հրավիրեց 2026–ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու։