Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Լիտվայի իշխանությունները մեկ ամսով փակել են Բելառուսի հետ սահմանը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխող օդապարիկների օդային հարձակումներից առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով, հաղորդում է Euronews-ը։
Շալչինկայի սահմանային անցակետը կփակվի ամբողջությամբ, մինչդեռ Մեդինինկայը կմնա փակ՝ որոշ բացառություններով։
«Այս անցակետով կթույլատրվեն անցնել դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները։ Լիտվայի բնակության թույլտվություն ունեցող անձինք նույնպես կկարողանան ստանալ մարդասիրական անցագրեր, որոնց վերաբերյալ որոշումը կկայացնի Պետական սահմանապահ ծառայությունը», - կառավարության նիստում հայտարարել է Լիտվայի Ներքին գործերի նախարար Վլադիսլավաս Կոնդրատովիչուսը։
Լիտվայի իշխանություններն այս որոշումը կայացրել են Բելառուսից Լիտվա մտնող մաքսանենգ օդապարիկների պատճառով, ինչը հանգեցնում է օդանավակայանների գործունեության սահմանափակումների։
Ռուսաստանը փորձարկել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» ստորջրյա սարքը, որը զգալիորեն ավելի հզոր է, քան «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Երեկ մենք անցկացրինք մեկ այլ խոստումնալից համակարգի՝ «Պոսեյդոն» հեռակառավարվող ստորջրյա սարքի փորձարկում։ Այն նույնպես միջուկային էներգետիկ կայանքով է։ Առաջին անգամ մեզ հաջողվեց ոչ միայն մեկնարկային շարժիչով այն արձակել կրող սուզանավից, այլև գործարկել սարքի միջուկային էներգետիկ կայանքը»,- ասել է Պուտինը Մանդրիկայի անվան կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալ այցելության ժամանակ։
Նա փորձարկումներն անվանել է «հսկայական հաջողություն» և նշել, որ «Պոսեյդոն»-ն անգերազանցելի է աշխարհում իր մի շարք հատկանիշներով։
««Պոսեյդոն»-ը հզորությամբ զգալիորեն գերազանցում է «Սարմատ»-ին։ Բացի այդ, այս հեռակառավարվող սարքի արագությունն ու խորությունն անգերազանցելի են աշխարհում, և հազիվ թե մոտակա ժամանակներում հայտնվի դրա նմանը։ Այն որսալու մեթոդ գոյություն չունի», - հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ «Պոսեյդոն»-ը նաև շատ փոքր չափեր ունի։
«Այն հարյուր անգամ փոքր է սուզանավի միջուկային ռեակտորից։ Սակայն «Պոսեյդոն»-ի հզորությունը զգալիորեն գերազանցում է նույնիսկ մեր ամենաժամանակակից միջմայրցամաքային հրթիռի՝ «Սարմատ»-ի հզորությունը։ Դրա նմանն աշխարհում գոյություն չունի», - ընդգծել է Պուտինը։
Ապարանի համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Տեղեկություն հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քննչական գործողություններն իրականացվում են քննվող քրեական վարույթի շրջանակում: Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են»,- ասացին կոմիտեից։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե իրավապահները խուզարկություններ են իրականացրել տարբեր հասցեներում, այդ թվում Ապարանի համայնքապետարանում, ու մեկ տասնյակ ձերբակալվածներ կան։
Հիշեցնենք, որ Ապարանի համայնքապետն ընդդիմադիր Կարեն Եղիազարյանն է։ 2021 թվականի ավագանու ընտրություններում նրա գլխավորած համանուն դաշինքը հաղթանակ է տարել իշխանական կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 18-ամյա թոռնուհի Քայ Թրամփն առաջին անգամ կմասնակցի գոլֆի LPGA Tour-ի շարքի մրցաշարի, հաղորդում է Golf Digest-ը։
Ֆլորիդա նահանգի «Պելիկան» ակումբի Annika մրցաշարը ամենահեղինակավորներից է կանանց գոլֆում։ Այն կմեկնարկի նոյեմբերի 13-ին։
Universal Golf Rankings-ում Քայ Թրամփը 979-րդն է։ 2026 թվականից նա կներկայացնի Ֆլորիդայի համալսարանը։
Քայ Թրամփի մայր Վանեսա Թրամփը Դոնալդ Թրամփի որդու նախկին կինն է, որն այժմ լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսի քաղաքացիական կինն է։
Ջենիֆեր Լոուրենսը բացահայտ խոստովանել է, որ նոյեմբերին՝ ամուսնու՝ Քուք Մարոնիի հետ ունեցած երկու որդիների ծնվելուց մի քանի տարի անց, կրծքերի մեծացման վիրահատություն է պլանավորում։
«Առաջին երեխայիցս հետո մարմինս գրեթե վերադարձավ նորմալ վիճակի, բայց երկրորդ երեխայից հետո ոչինչ չվերականգնվեց», - The New Yorker-ին տված հարցազրույցում նշել է դերասանուհին։
Լոուրենսը իր առաջնեկին ծննդաբերել է 2021 թվականին, իսկ երկրորդին՝ 2025 թվականի սկզբին։ Դերասանուհին նշել է, որ այս գարնանը մերկ տեսարան ունի նկարահանելու։ Չնայած դրան, նա վստահ է, որ վիրահատությունը կաներ նույնիսկ առանց Հոլիվուդում աշխատելու։
«Ես գուցե այդքան չէի շտապի բժշկի մոտ հանդիպում նշանակել, բայց միևնույն է, կորոշեի դա անել», - բացատրել է Ջենիֆերը։
35-ամյա դերասանուհին նաև խոստովանել է, որ բոտոքս է ընդունում, բայց չափավոր քանակությամբ, որպեսզի պահպանի իր աշխատանքի համար անհրաժեշտ դեմքի արտահայտությունը։ Նա խուսափում է լցոնիչներից, քանի որ դրանք նկատելի են տեսախցիկի առջև։ Լոուրենսը ապագայում պլանավորում է դեմքի լիֆթինգ անել։
«Բայց հավատացեք ինձ, ես դա կանեմ», - վստահեցրել է նա։ Երկամյա ընդմիջումից հետո Ջենիֆերը վերադարձել է դերասանական կարիերային «Մի՛ նայիր վերև» ֆիլմով։
Մոսկվան հույս ունի, որ Լիտվայի իշխանությունները Կալինինգրադի տարանցման նկատմամբ սադրիչ քայլերի չեն դիմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված հանրապետության արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի այն հայտարարությունների հետ, թե ինքը մտադիր է արգելափակել այն, փոխանցում է TASS-ը։
«Հույս ունենք, որ լիտվական կողմն, այնուամենայնիվ, նման սադրիչ քայլի չի դիմի», - ասված է դիվանագետի մեկնաբանության մեջ։
Զախարովան լիտվացի նախարարին հիշեցրել է «Կալինինգրադի մարզ մուտքի/ելքի անարգել տարանցումն ապահովելու Լիտվայի պարտավորությունների մասին, այդ թվում՝ Ռուսաստան-ԵՄ 2002 և 2004 թվականների համատեղ հայտարարություններy»։
«Երկրորդ՝ ոչ ոքի մոտ չպետք է կասկած լինի, որ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր հանգամանքներում և ցանկացած պայմաններում կապահովի իր ամենաարևմտյան տարածաշրջանի կարիքները», - հավելել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան «ուշադիր կհետևի նաև Բելառուսի հետ սահմանին մնացած երկու անցակետերը անորոշ ժամանակով փակելու վերաբերյալ Վիլնյուսի անհիմն որոշման շուրջ ստեղծված իրավիճակին»։
Հիշեցնենք, որ Բելառուսի հետ սահմանը փակելու Լիտվայի «անհիմն որոշումը» դարձել է մաքսանենգների մետեոզոնդերով նրա օդային տարածքը խախտելու ուղղակի հետևանք, ինչը բազմիցս խափանել է երկրի օդանավակայանների աշխատանքը։
Աղոթքը, որին կմասնակցի Հռոմի պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, տեղի կունենա հայկական Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից։
Լևոն XIV-ի հայրապետական այցը Թուրքիա տեղի կունենա նոյեմբերի 27-30-ը: Այցի ընթացքում նա կհանդիպի Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ, որից հետո նրանք կստորագրեն համատեղ հռչակագիր: Ավարտելով այցը՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կմեկնի Լիբանան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի բացման նախաշեմին Հարավային Կորեայի գործարար հանրությանը հայտնել է, որ ձգտում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նա նշել է, որ պլանավորում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ և հավելել է, որ «շատ է հարգում ու սիրում» այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին։Ավելի վաղ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը հայտարարել էր, որ Դելին չի պատրաստվում Վաշինգտոնի ճնշման տակ հրատապ համաձայնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրին։
Հնդկաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ օգոստոսի 27-ին ուժի մեջ մտավ հնդկական ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքը, որը Թրամփը սահմանեց ռուսական նավթի գնման պատճառով։ Այսպիսով, Հնդկաստանից ներմուծվող ապրանքները օգոստոսի 27-ից ենթարկվում են ԱՄՆ-ի 50% մաքսատուրքի՝ հաշվի առնելով ավելի վաղ սահմանված 25%-ը՝ Սպիտակ տան կողմից աշխարհի երկրների հետ առևտրային համաձայնագրերի վերանայման շրջանակներում։
Թրամփը, խոսելով Ասիայի երկրների հետ առևտրային հարաբերությունների մասին, նաև նշել է, որ Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնությունը «շատ շուտով կստորագրվի, բառացիորեն մի քանի րոպե անց», երբ ինքը կավարտի ելույթը։
Հակակոռուպցիոն դատարանը` Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունն ու միավորել այսպես կոչված «Դիզելի գործը» Սերժ Սարգսյանին առնչվող մեկ այլ գործի հետ։
«Դիզելի գործը» վերաբերում է վառելիքի մատակարարումների ժամանակ ենթադրյալ չարաշահումներին և, բացի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, առնչվում է նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին։ Այս գործը միացվեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ քննվող մեկ այլ գործի, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները:
Գործով անցնող Գևորգ Հարությունյանը և Բարսեղ Բեգլարյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում չառարկեցին Մակինյանի միջնորդության դեմ։ Իսկ հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանն առարկություն ներկայացրեց՝ նշելով, որ գործերի միացումը կարող է անդրադառնալ արդար դատաքննության իրավունքի վրա, քանի որ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերից մեկը ողջամիտ ժամկետներում գործի քննությունն է։ Ըստ մեղադրողի՝ գործերի միացման դեպքում ծավալը կշատանա, և գործի քննությունն ավելի երկար կտևի, այն դեպքում, երբ գործի քննությունը, ըստ էության, 2020 թվականից է շարունակվում (2024թ․ մայիսի 31-ին հրապարակել էր Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը, սակայն արդարացման դատական ակտն օրինական ուժի մեջ չէր մտել, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանն իր հերթին վարույթ չէր ընդունել բողոքները, ըստ այդմ` ուժի մեջ էր մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան. խմբ․)։
Այնուամենայնիվ, դատավոր Խաչիկ Ղազարյանը գործերը միացնելու որոշում կայացրեց, մեկ վարույթի շրջանակում գործերը կքննի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։
Այսպիսով, ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը հիմա քննվելու են 2 վարույթներում։ Ավելի վաղ մեկ վարույթում էին միացվել Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու առանձին գործեր, որոնցից մեկը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելուն, իսկ մյուսը՝ Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելուն։
Հայաստանում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկները վերահսկել տեխնիկական միջոցներով՝ տեսախցիկներով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներն են, որ ունեն էլեկտրական գեներատորներ: Հիմա հայտարարվել է գեներատորների ձեռք բերման մրցույթ:
Մենք հաջորդ ծրագրով ցանկանում ենք քրեակատարողական հիմնարկների արտաքին պարագծի հսկողությունն իրականացնել տեխնիկական միջոցներով, այսինքն՝ քրեակատարողական հիմնարկը պետք է վերահսկվի տեսախցիկներով»,-ասել է Գալյանը:
Գալյանի խոսքով՝ դրա ֆինանսական գնահատականն ու ծախսային բեռն այս տարվա բյուջեում նախատեսված է: