Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին։
- Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում:
- Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:
Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության միջոցով։
Մեր առաջնորդները պահպանում են անմիջական կապ, պարբերաբար զանգահարում միմյանց։ Հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները։
Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը:
Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։
- Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
- Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարավային Կովկասից: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետևաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասյան պետությունների հետ մեր կապերի ծավալը, աշխարհագրությունը, պատմությունը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության, նրա տնտեսական բարգավաճման, տրանսպորտային ներուժի բացահայտման կենսական անհրաժեշտությունը: Այդ ամենի տրամաբանական հետևանքն է Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հուսալիորեն պաշտպանված և տնտեսապես ամուր պետականության նկատմամբ։
Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր:
- Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ:
- Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:
Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:
Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։