«Ուկրաինական կարգավորում ասվածը հսկայածավալ ռեսուրսների շուրջ սակարկություն է»․ Հակոբ Բադալյան
Ապրիլի 12, 2025

«Ուկրաինական կարգավորում ասվածը հսկայածավալ ռեսուրսների շուրջ սակարկություն է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վաշինգթոնում հայտարարել է, որ Եվրոմիությունը 138 միլիարդ եվրոյի օժանդակություն է ցուցաբերել Ուկրաինային պատերազմի այս ընթացքում։

Հայտնի է, որ Թրամպը պարբերաբար խոսում է ամերիկյան 350 միլիարդ օժանդակության մասին: Նախօրեին էլ այդ մասին խոսել է Մակրոնի հետ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, ասելով, որ ակնկալում է կամ ընթացիկ շաբաթ, կամ գալիք շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն և ստորագրել հանածոների վերաբերյալ պայմանագիրը:

Թրամպի հետ վաշինգթոնյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի բարձրաձայնել է Եվրոպայի «բաժնեմասի» հարցը: Դա է 138 միլիարդ եվրոյի մասին հայտարարության իմաստը, այլ ոչ թե պարզապես արձանագրելը, որ Եվրոպան էլ օժանդակել է: Մակրոնը այդ թվով ներկայացնում է «բալանսը», ինչը նշանակում է, որ ակնկալում է նաեւ ըստ այդ բալանսի բաժնեմաս՝ այսպես ասած ուկրաինական կարգավորումից:

Հատկանշական է, որ նա հայտարարում է Պուտինի հետ խոսակցությունը վերսկսելու «իսկական ժամանակի» մասին: Ակնարկը թերեւս այն է, որ ինքը կարող է պայմանավորվել նաեւ Պուտինի հետ, եթե Թրամպը բավարար չափով հաշվի չառնի իր շահերը:

Բայց, բավականին ուշագրավ հայտարարություն է անում Պուտինը՝ Մակրոն-Թրամպ հանդիպանը զուգահեռ: Նախ, հատկանշական է, որ նա իր հերթին Ռուսաստանում խորհրդակցություն է անցկացնում հանածոների թեմայով, հետո ճեպազրույց տալիս եւ ասում, որ ուկրաինական հանածոների վերաբերյալ Թրամպի մտադրությունները Ռուսաստաննի գործը չէ, այլ Վաշինգտոնի և Կիեւի:

Պուտինը կարծես թե ակնարկում է, որ, եթե Թրամպը «խոսքի տեր» լինի ամերիկա-ռուսական «տրեկում», Ռուսաստանը այսպես ասած զուգահեռ քննարկումների մեջ չի մտնի Թրամպի եվրոպական «վիզավիների» հետ, որոնց շարքում է նաեւ Մակրոնը:

Սա իհարկե իմ դիտարկումն է, այլ ոչ թե պնդումը: Բայց, ակնառու է, որ ուկրաինական կարգավորում ասվածը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների, այլ նաև բառի բուն իմաստով հսկայածավալ ռեսուրսների շուրջ մեծ սակարկություն է: Դրա մի վկայությունն էլ այն է, որ նախօրեին Պուտինը նշանակում է տնտեսական հարցերի հատուկ բանագնաց, որն այլ բան չէ, քան ԱՄՆ հետ տնտեսական հարցերի քննարկման բանագնաց: Այդ կարգավիճակը ստացել է Ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, որը վաղեմի սերտ կապեր ունի ամերիկյան ֆինանսատնտեսական շրջանակների հետ: Ի դեպ, Դմմիտրիևը մասնակցել էր Էր Ռիյադում պատվիրակությունների առաջին հանդիպմանը»:

Հակոբ Բադալյան

Rate this item
(0 votes)

Լրահոս