«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան
Ապրիլի 20, 2025

«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են: Պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է:

Իմ դիտարկումներով պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեին արտահերթ ընտրություններ:

Ինչո՞ւ, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը:

Ուրեմն իշխանությունը պահելու տրամաբանության համապատասխան պետք է վերարտադրվել քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա առաջին փաստարկը:

Երկրորդը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները հակասական բնույթ են կրում:

Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել/Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և մեծ հավանականությամբ սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ:

Վերջին թարմ լուրն այն է, որ 17 հոդվածից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրության և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում ընտրությունները և հետո պայմանագիրը, որովհետև նրա բովանդակությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա:

Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպես կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում:

Իմ կարծիքով վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համաընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձություններ հետ կապված, ինչպես օրինակ, մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները:

Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը արդեն հուշում է, որ առավել խնամքով պետք է վերաբերվել վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն:

Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց: Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե իհարկե այն կնքվի:

Իմ կարծիքով ցեղասպանության, Արարատ-Արագած և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ:

Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող է օրակարգային դառնալ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս