Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործի շրջանակներում
Հուլիսի 04, 2025

Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործի շրջանակներում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է միջնորդագիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար:
Սեյրան Օհանյանը առողջական վիճակից ելնելով բացակայում է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը՝ շեշտելով, որ այն տեղի է ունենում գեներալ-գնդապետ, Արցախի հերոս, 3 պատերազմներ անցած Սեյրան Օհանյանի բացակայությամբ։ Նրանք լքեցին դահլիճը։
Դատելով միջնորդագրից՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից: Բացի այդ, Սեյրան Օհանյանը, հիշյալ առանձնատան տարածքում լողավազանի և շոգեբաղնիքի կառուցապատումն իրականացրած ՍՊ ընկերությանը ՊՆ իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և նշված ընկերության հետ փոխկապակցված՝ Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58 միլիոն դրամ կաշառք։ Այնուհետև՝ Սեյրան Օհանյանը, վերոգրյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին: Արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սերյան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս.Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը: Բացի վերոգրյալը, Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները, որի հետևանքով չի հայտարարագրվել 2021 թվականի դրությամբ` 123 միլիոն 369 հազար դրամ, 2022 թվականի դրությամբ` 145 միլիոն 65 հազար դրամ, 2023 թվականի դրությամբ` 166 միլիոն 402 հազար դրամ արժողությամբ գույքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց  կալանքի որոշումը

ՔԿ-ն արձագանքել է Բագրատ Սրբազանին վերագրվող խոսակցությունը մոնտաժված լինելու մասին հրապարակմանը

Ստորագրությունները կան. Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք. Լևոն Քոչարյան

ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը «պատանդ» է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը. Իրանի նախագահը՝ օկnւպացված Ստեփանակերտում

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ՀՀ ԱԳՆ

Այսօրվանից Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ