Կոռուպցիոն ռիսկեր կան։ Եթե մեկ ընկերություն վարձակալել է, ամեն ինչ նորմալ է, շահութաբեր աշխատում է, ապա ինչու են ցանկանում դա վերցնել, հենց այնպես չեն վերցնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականությանը։ ԹԻՀԿ փորձագետն արձանագրում է՝ պետք է պարզել, թե իրականում ովքեր են։
Այգու տարածքը «խլելու» օպերացիայի մասին առավել մանրամասն «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հունիսի 16-ի՝ «Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ» վերտառությամբ հրապարակմամբ։ Ինչպես հայտնել ենք՝ 2023թ․ մայիսին քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարեց, որ «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) խորհրդի նախագահը համայնքին է նվիրաբերել 300 մլն. ՀՀ դրամ՝ մարզադպրոցի վերակառուցման համար՝ այն գնահատելով որպես բացառիկ երեւույթ, իսկ 2024 թվականի հունվարին արդեն պարզվեց, որ քաղաքային իշխանությունը մտադիր էր Օղակաձև այգու 4-րդ հատվածը վերցնել իր իսկ ներկայիս սեփականատիրոջից ու հանձնել «Էվոկաբանկի» (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջ՝ Մարիետա Գևորկյանի, ընկերության տնօրինմանն, ընդ որում, հանրային գերակա շահ ճանաչելու քողի ներքո։
Վարուժան Հոկտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս գործընթացը տարօրինակ գնահատեց՝ արձանագրելով նաև կոռուպցիոն ռիսկերը։
«Կասկածում եմ, որ սինքրոնիզացիա կա, այսինքն՝ ցանկանում են այդ ձևով խլել գույքը․․․ իրականում դա իրենց գույքը չէ, վարձակալության էին վերցրել՝ քաղաքապետարանից։ Մեղմ ասած՝ շատ տարօրինակ իրավիճակ է։ Նաև հասկացա, որ ցանկանում են Բագրատունյաց փողոցի վրա ինչ-որ բան կառուցել՝ թենիսի կորտերի նման, չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց թղթի վրա այդպես է նշված։ Բագրատունյաց փողոցի վրա կառուցելու են նման կոմպլեքս, բնականաբար, ունևորների համար, հետո դա ներկայացնելու են այնպես, որ դա վերցրել են, բայց կառուցել այլ տեղ, որ մարդիկ թենիս խաղան։ Կարծես թե նման սցենար են նախապատրաստում, բայց դա, միևնույն է, չի արդարացնում նրանց, որովհետև, եթե իսկապես քաղաքակիրթ երկրում ապրենք, ապա առաջին հերթին կկառուցեին մատչելի, գեղեցիկ, հարմարավետ սպորտային կոմպլեքս»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ այստեղ կա նաև այլ խնդիր, որ Կորտերն ինչ-որ տեղ նաև քաղաքի դեմքն էր, իր ուսանողության տարիներին շատերը հենց այդ կորտեր էին գնում, չի բացառվում, որ այսօր էլ այդ ավանդույթը շարունակվում է, մի փոքր տգեղ է ստացվում էսթետիկ տեսանկյունից, որ թենիսի կորտերի փոխարեն սրճարան տեսնեն, հատկապես, որ Օղակաձև այգում շատ սրճարաններ կան։
«Ի վերջո՝ մասնավորի համար սրճարան կառուցելն արդյո՞ք հանրային գերակա շահ պետք է ճանաչվի։ Այսինքն՝ ուր ենք հասել, որ, եթե իսկապես այդտեղ սրճարան են կառուցելու կամ նմանատիպ բան, առհասարակ, եթե այդ տարածքը փոխանցվելու է մասնավորի, այլ ոչ թե՝ պետական շենք կառուցվի կամ մի բան, որը հանրային նշանակության շինություն է լինելու, գուցե, թեև ճիշտ լուծում չէի համարի, բայց մի կերպ գուցե հասկանալի լիներ, բայց եթե հանրային գերակա շահի անվան տակ տարածք են ցանկանում վերցնել և մասնավորն այնտեղ ինչ-որ բան կառուցի և շահույթ ստանա, ապա դա ընդհանրապես կնշանակի վարկաբեկել հանրային գերակա շահի կոնցեպցիան։ Չի կարող նման բան արվել՝ հանրային գերակա շահի անվան տակ։ Թեև 2007-2009թթ դա տարածված երևույթ էր, փաստորեն, եթե սա ընթացք ունենա, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ ոչինչ չփոխվեց, այն, ինչ այն ժամանակ էր արվում, այժմ կրկնվում էր։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչն էր 2018թ․ արվածի իմաստը, եթե ամեն բան պետք է «գա ի շրջանյս յուր», այսինքն՝ վերադառնում ենք նույն մեթոդներին։ Մեղմ ասած տարօրինակ է, մտահոգիչ և բացասական երևույթ է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։
ԹԻՀԿ փորձագետն ընդգծում է՝ կոռուպցիոն ռիսկեր կան՝ սկսած նրանից, թե ինչ ընկերություն է, որ բառացիորեն մի քանի օր առաջ է ստեղծվել։ Բացի այդ, պետք է պարզել, թե իրական շահառուից բացի ովքեր են շահառուները․ «Իրականում իրական շահառուից ավելի այն կողմ գնացող, այսպես ասած, կապեր կան, այսինքն՝ ինչ-որ մեկի ծանոթը, ընկերը, համադասարանցին, գուցե պետք է լրագրողական հետաքննություն իրականացնել և պարզել, թե ովքեր են այդ մարդիկ, ինչով են շնչում, ինչ են անում, ում հետ շփվում։ Ինձ համար հարցական մնաց՝ ովքեր են այդ մարդիկ։ Լավ, ֆորմալ գիտենք, «Էվոկաբանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն ով է, բայց պետք է հասկանալ՝ ինչ-որ կապեր կան, թե զուտ բիզնես է, որը, բնականաբար, որևէ բարոյական սահմաններ չի ճանաչում»։
Մեր զրուցակիցը նկատում է՝ «Մեկ ընկերություն տարածքը վարձակալել է, ամեն ինչ նորմալ է, շահութաբեր աշխատում է, ապա ինչու են ցանկանում դա վերցնել, հենց այնպես չեն վերցնում։ Այլ հարց է, որ լինեն նոր, ավելի ժամանակակից, մի հոյակապ թենիսի մարզադպրոց, կենտրոն կառուցեին, կասեինք լավ, ավելի թափով մեկը հայտնվեց, որ դա է ցանկանում անել, բայց որքան ես հասկացա՝ այդպիսի ընկերություն չէ, որ ցանկանում է ձեռք բերել տարածքը, կասկածում եմ, որ նպատակ ունեն՝ այդտեղ ավելի հոյակապ մի թենիսի կորտեր և մարզադպրոց ստեղծել, կասկածում եմ։ Ավելի շատ, ինչպես մեր շատ գործարարների ֆանտազիան սահմանափակ է, այդ ֆանտազիան կհերիքի սննդի օբյեկտների, ոչ թե՝ բարձր մատերիաների համար»։
Հարցին՝ ինչու ի վերջո որոշեցին գնալ հանրային գերակա շահ ճանաչելու ճանաչելու ճանապարհով, ոչ թե՝ վարձակալության պայմանագիրը խզելու՝ Հոկտանյանը պատասխանեց՝ նշելով, որ դա առաջին հարցն է, որն ինքը տվեց, որի պատասխանը չունի՝ ինչու որոշվեց հանրային գերակա շահ ճանաչել, գուցե, որովհետև դա պետական էր և վարձակալության էր տրված, դա որպես հիմք ծառայեցնել և վարձակալության պայմանագիրը խզել․ «Այսինքն՝ պատճառահետևանքային կապն այդ ձևով անել, հանրային գերակա շահի անվան տակ այդ վարձակալության տրված տարածքները ․․․ Ենթադրում եմ՝ ժողովրդական լեզվով ասած՝ «կեղտ չեն բռնել», վճարումները կատարվել է, նորմալ աշխատել , շահույթ բերել, հանկարծ որոշել են հանրային շահ ճանաչել։
Գուցե։ Կամ իսկապես լավ է աշխատել վարձակալը, կամ չգիտեմ ինչ է եղել։ Իսկապես տարօրինակ է, որ այլ ճանապարհով չեն գնացել։ Կարող էին ապօրինի ծագման գույք հայտարարել․․․ Չնայած, եթե ասում ենք ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սա վարձակալություն է, դա իրենց գույքը չէ։ Եթե վարձակալության են վերցրել, ապա կարող են ասել, որ այդ գույքը վարձակալության են հանձնել՝ իբրև կաշառքի միջոցով, միայն նման բան կարող են ասել, սակայն դա շատ թույլ հիմքեր ունի»։