ԱԺ-ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև:
Աղազարյանն իր ելույթում նախ նշեց, որ եթե Կոնյակի գործարանը չմասնավորեցվեր այսօր խաղողագործություն չէր լինի ՀՀ-ում, ապա անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին, պատգամավորը նշեց, որ այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում:
«Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի Արևմուտք, իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որ սկսենք իրենից Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ: 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայաստան և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,-ասաց նա:
Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ականները, մասնավորապես, Արման Եղոյանը, տեղից սկսեցին բղավել՝ ամոթ: Դահլիճում կանգնած Աղազարյանը ջրի շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ ու Եղոյանին դուրս էր հրավիրում՝ հաշիվներ պարզելու։
Նիստը վարող Հակոբ Արշակյանը փորձում էր հանդարտեցնել վիճակը։ Մի շարք պատգմավորներ մոտեցան Հովիկ Աղազարյանին, որպեսզի կանխեն հնարավոր բացասական զարգացումը։
«Պարոն Աղազարյան, դուրս եմ հրավիրում ձեզ դահլիճից եւ արգելում եմ այս նիստին մասնակցելուց»,–ասաց Հակոբ Արշակյանը։ Երբ Աղազարյանը դուրս եկավ դահլիճից, Արշակյանը մի քանի անգամ կոչ արեց դադարեցնել խոսակցությունը դահլիճում։
«Պարող Եղոյան, ձեզ նախազգուշացում, խնդրում եմ՝ տեղից չբղավել։ Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահեր էր ներկայացնում, քան հայաստանյան։ Ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաներին մի տրվեք»,–ասաց նա։