Կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ, Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նշենք, որ այսօր խուզարկություններ են կատարվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ՌԴ դիվանագետները ավելի քան երկու ժամ Բաքվում չեն կարողացել կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Զախարովայի խոսքով` Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս տեսակցել ռուսաստանցի լրագրողներին, ոստիկանական գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնում: