Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունը։
«Մամուլում տարածված «Ֆրանսիական «Orano» ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։
Ի դեպ, մամուլի տվյալ հրապարակման մեջ նշված է, որ «Orano» ընկերությունը վտանգավոր թափոններ է արտահանում Հայաստան, որը ֆինանսավորում է ՀՀ վարչապետի հետ կապ ունեցող մի հիմնադրամ։
Նշենք, որ 2019 թ. մարտի 6–ին այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր միջուկային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական «Orano» (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը խոսվել էր միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: