Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հավանություն է տվել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի օտարերկրյա ուժերի բաղադրիչի ներկայությանը, որի նպատակն է Լեհաստանի ամրապնդումն «Արևելյան պահապան» գործողության շրջանակում։ Այս մասին հաղորդում է Notes From Poland պարբերականը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության բյուրոյի հայտարարությունը:
«Արևելյան պահապան» է կոչվում սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի հայտարարած գործողությունը, որի նպատակն է ամրապնդել դաշինքի արևելյան թևը, մասնավորապես՝ օդային պաշտպանությունը:
Սեպտեմբերի 12-ին գործողության մասին հայտարարել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը համատեղ մամուլի ասուլիսում: Նրանց խոսքով՝ Ֆրանսիան կտրամադրի երեք Rafale կործանիչ, Գերմանիան՝ չորս Eurofighter կործանիչ, Դանիան՝ երկու F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության մեկ ֆրեգատ:
Նիդեռլանդներն իր հերթին հայտարարել է Լեհաստանում Patriot համակարգերի տեղակայումն արագացնելու մասին, իսկ Չեխիան Լեհաստան է ուղարկել ուղղաթիռների ստորաբաժանում:
Լեհաստանում արդեն իսկ գտնվում է ՆԱՏՕ-ի զորակազմ և սպառազինություն, այդ թվում՝ 10 000 ամերիկացի զինծառայող:
Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք: Վարշավան դա անվանել էր աննախադեպ սադրանք:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լեհաստանում որևէ օբյեկտ չի թիրախավորվել, և գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել լեհական կողմի հետ: