Այսօր տարածաշրջանում հիմնական խնդիրը Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera և Qatar TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թել Ավիվի այդ քաղաքականության հիմքում երկու պատճառ կա։
«Առաջին հերթին, Իսրայելի նպատակն է ընդլայնել իր տարածքը՝ ստեղծելու մեծ Իսրայել։ Երկրորդ՝ նա փորձում է թուլացնել և մասնատել տարածաշրջանի երկրները, առաջին հերթին՝ իր հարևաններին։ Սիրիան այդ երկրների շարքում է։ Մենք, մեր հերթին, սերտ կապեր ենք պահպանում այդ երկրների՝ Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և, իհարկե, Սիրիայի հետ», – պարզաբանել Է դիվանագետը։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Պարսից ծոցի բոլոր երկրները և Թուրքիան դրական հարաբերություններ են պահպանում Վաշինգտոնի հետ: Ընդ որում, Ֆիդանը քննադատել է Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը, նրա խոսքով, իրենից ներկայացնում է բացառություն, որը գերակշռում է մնացած բոլոր կապերի նկատմամբ:
«Նման մոտեցումը Միացյալ Նահանգներին արժեցել է ազդեցության և դիրքերի կորուստ տարածաշրջանում և դժվարություններ է ստեղծել ոչ միայն տարածաշրջանում նրա գործընկերների, այլև հենց ԱՄՆ- ի համար», – հավելել է նա:
Նախարարը նշել է, որ Թուրքիան շարունակում է ամերիկյան կողմին տեղեկացնել Իսրայելի կողմից մարդկության դեմ հանցագործությունների, նրա գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականության կողմից տարածաշրջանում առաջացող սպառնալիքների և «ԱՄՆ-ի գլխավորած միջազգային համակարգը փլուզման եզրին մղելու» մասին։
«Մենք պետք է ընդունենք ամերիկյան քաղաքական համակարգում կառուցվածքային սահմանափակումների առկայությունը, որոնք խոչընդոտում են վճռական գործողություններին», -ասել է նա: