«Փոշիանման զանգվածի» հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում քննչական գործողություններ են իրականացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ։
Oragir news-ն ավելի վաղ գրել էր, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Մեր զրուցակիցը հստակեցրեց, որ գործով անցնում են 11-րդ և 12-րդ դասարանների 4 աշակերտներ, որոնցից 2–ը եղբայրներ են, իսկ տուժածները 4-րդ դասարանի աշակերտներ են: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին։
Նրա խոսքով՝ դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանն ինքն է միջադեպի մասին հայտնել իրավապահներին, երբ ծնողները սկսել են բողոքել երեխաների տարօրինակ պահվածքից և գումարի կորստից:
Մխչյանի բնակիչը պնդում է, որ այս պատմությունը հրահրողը 12-րդ դասարանի աշակերտ է, ապրում է հարևան գյուղում։ Նա մի քանի անգամ բերման է ենթարկվել թմրանյութ տարածելու կասկածանքով, սակայն ամեն անգամ ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով։ Պատանու հանցակիցներն են դարձել նրա կրտսեր եղբայրը (11-րդ դասարանցի) և երկու ընկերները։ Բոլորը միջին եկամուտ ունեցող ընտանիքներից են, իսկ տուժած 4-րդ դասարանցիները՝ ապահովված ընտանիքներից, և կասկած կա, որ նրանց «նավոդկա» են տվել։
«Երկու բարձր դասարանցիներ բռնել են փոքրերի ձեռքերը, իսկ մյուսները անհասկանալի փոշի են լցրել նրանց քթին։ Դրանից հետո կրտսեր տղաներին, ամենայն հավանականությամբ, ներշնչել են, որ իրենք արդեն կախվածություն ունեն, և ստիպել են տնից գումար գողանալ։ Բայց երեխաները դժվար թե կախվածություն ունենան: Նշանակվել է փորձաքննություն, որը ցույց կտա`դա ընդհանարապես թմրանյութ է եղել, թե ոչ»,- նշեց գյուղի բնակիչը։
Մխչյանի մեկ այլ բնակիչ պատմեց, որ պարբերաբար նկատել է, թե ինչպես են ցանկապատի անցքից դպրոցի տարածք մուտք գործել տարբեր մարդիկ, այդ թվում՝ աշակերտներ: Երբեմն երեկոյան ժամերին դպրոցի մոտ մեքենաներ են կանգնել, ու պարզ չէ, թե այդ մեքենաների սրահներում ինչ է կատարվել։
Նա կարծում է, որ դպրոցում կարգապահության լուրջ խնդիր կա. երեխաների դասի ժամին կա՛մ ֆուտբոլ են խաղում, կա՛մ հավաքվում են դպրոցի բակում։ Նրա կարծիքով ՝ տնօրենը լավ մանկավարժ է, բայց խիստ չէ, և դրանից օգտվում են թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժները։
«Բայց դպրոցի ամբողջ պատմության ընթացքում նման աղաղակող դեպք չի եղել։ Անհանգիստ ենք աշակերտների համար, որովհետև հնարավոր է` նման բան նախկինում էլ է եղել։ Միգուցե ինչ-որ մեկը նույնիսկ արդեն թմրամոլ է դարձել։ Դպրոցում երեխաները պետք է ապահով լինեն, իսկ տնօրեններն ու ուսուցիչները, որոնց դասերին դա տեղի է ունեցել, պետք է հեռացվեն»,- կարծում է նա։
Մեր երրորդ զրուցակցի խոսքով՝ գործով երկու տուժած երեխա է անցնում, բայց համայնքում խոսում են 4-ի մասին:
Նա ծանոթ է այդ երեխաներից մեկի ընտանիքին և վստահեցնում է, որ ծնողները դեպքի մասին ընդամենը մի քանի օր առաջ են իմացել իրավապահներից և ցնցված են: Գողությունների մասին կինը տեղեկություններ չունի, բայց հաստատեց, որ խոսքը շատ բարեկեցիկ ընտանիքի մասին է:
Նա չի կարծում, որ երեխաները կախվածություն ունեն, քանի որ ինքը ծանոթ երեխայի պահվածքում ոչ մի տարօրինակ բան չի նկատել։
«Եթե նման բան իսկապես եղել է, ապա մեղավորները պետք է պատժվեն, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Իրավասու մարմինները պետք է արդյունավետ աշխատեն, երեխաներին տեղեկացնեն, որ թմրանյութերը չարիք են, կանխեն դրանց տարածումը, առավել ևս՝ երեխաների շրջանում»,- ընդգծեց նա։
Sputnik Արմենիայի թղթակիցները փորձեցին զրուցել դպրոցի տնօրենի հետ, սակայն մեզ ասացին, որ նա հիվանդ է և աշխատանքի չի եկել։ Այլ պատասխանատուներ (ուսմասվար, փոխտնօրեն և այլն), որոնք պատրաստ կլինեին մանրամասներ հաղորդել և մեկնաբանել միջադեպը, նույնպես չգտնվեցին։
Համայնքի բնակիչները ցնցված են դպրոցում տեղի ունեցած միջադեպից, բուն ուսումնական հաստատությունում լարված մթնոլորտ է զգացվում: Գյուղացիներից շատերը կտրականապես հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։