Բեռլինը պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ այս մասին Անթալիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
Դաշինքի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վադեֆուլն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախանշել է «5%-ի նպատակին հասնելու ծրագիրը, որը պահանջում է նախագահ Թրամփը, և որը նա անհրաժեշտ է համարում»:
«Եվ մենք կհետևենք դրան», – ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է վերացնել իր կառուցվածքում «թույլ օղակները», որպեսզի ամրապնդի դաշինքի ընդհանուր հզորությունը։
«Դաշինքի հզորությունը որոշվում է նրա ամենաթույլ օղակի ուժով, և մենք ձգտում ենք նրան, որ ՆԱՏՕ-ում թույլ օղակներ չլինեն», – ասել է Ռուբիոն։
Գլխավոր քարտուղար Ռյուտեն ավելի վաղ առաջարկել էր, որ դաշնակիցները մինչև 2032 թվականը մեծացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը, իսկ ևս 1,5%-ը ծախսեն պաշտպանության հետ կապված այլ նպատակների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքները և կիբերանվտանգությունը: Այս ծրագիրն արդեն աջակցություն է ստացել ԱՄՆ-ից։ Դաշինքի ներկայիս թիրախը 2%-ն է, թեև ոչ բոլոր երկրներին է հաջողվել հասնել նույնիսկ այդ մակարդակին։
Ռյուտեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հաջողությունների վրա։
«Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այնքան են հաջողել այս հարցում, և մենք պետք է գերազանցենք նրանց այս առումով», – ընդգծել է դաշինքի ղեկավարը։