Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել հակամարտությունը լուծելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերին
Ինչպես տեղեկանում է Reuters գործակալությունից, Այս մասին նախարարական հանդիպումից հետո հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը։ Մենք վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունը նախագահ Թրամփի հրատապ ջանքերին՝ հնարավորինս արագ պատերազմը հասցնելու արդար և տևական ավարտի», – ասել է Ռյուտեն։
Նա շեշտել է, որ երբ կողմերի միջև հրադադարի կամ խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, այն պետք է լինի տևական։«Գնդակը, միանշանակ, Ռուսաստանի դաշտում է։ Ռուսները հիմա ուղարկել են ցածր մակարդակի պատվիրակություն, և չեն օգտվում հնարավորությունից։ Ուկրաինան, ակնհայտորեն, պատրաստ է խաղալ գնդակ, բայց գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է», – հավելել է Ռյուտեն։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եվրաատլանտյան տարածքում կայունության պահպանման գրավականներից մեկն է համարել պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը։
«Այս ամենը, պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը, պաշտպանական արդյունաբերական հզորությունների բարձրացումը և Ուկրաինային շարունակական աջակցությունը կօգնեն պահպանել կայունությունը մեր Եվրատլանտյան տարածքում», – ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Ռյուտեն նշել է, որ պաշտպանական ծախսերն ավելացնելու հարցով Գերմանիան սկսում է առաջատարի տեղ գրավել։ Ըստ Ռյուտեի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է կենտրոնանան պաշտպանական արդյունաբերական արտադրության վրա։
«Ռուսաստանը, որոշ հաշվարկներով, երեք ամսում զինամթերքի առումով արտադրում է այնքան, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է մեկ տարվա ընթացքում, իսկ Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսության ընդամենը 5%-ը…. Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Թուրքիայում մայիսի 15-ին տեղի են ունենում մի քանի կարևոր հանդիպումներ՝ Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև, Անթալիայում՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործանխարարների միջև, իսկ Ստամբուլում ակնկալվում են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։