ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ բանակցություններում «ոչինչ տեղի չի ունենա», մինչև ինքը չհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում՝ Կատարից ԱՄԷ մեկնելիս։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Ոչինչ չի լինի, մինչև ես և Պուտինը չհանդիպենք, լա՞վ: Եվ ակնհայտորեն, նա չէր պատրաստվում գնալ: Նա պատրաստվում էր գնալ, բայց կարծում էր, թե ես գնում եմ։ Նա չէր գնա, եթե ես այնտեղ չլինեի, և ես չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա, դա ձեզ դուր գա թե ոչ, մինչև ես և նա չհանդիպենք: Բայց մենք ստիպված կլինենք լուծել սա, քանի որ շատ մարդիկ են մահանում», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ հիասթափված չէ Թուրքիա մեկնած ռուսական պատվիրակության կազմի պատճառով։
«Ես ոչնչից էլ հիասթափված չեմ…. Ես ոչինչ չգիտեմ պատվիրակության մասին, նույնիսկ չեմ ճշտել», – ասել է Թրամփը՝ նշելով, որ իր այցի ընթացքում 4 տրիլիոն դոլարի ներդրումներ է գրավել, ուստի հիասթափված լինելու առիթ չունի։