Ռեֆորմիստների կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու առաջադրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
«Հաշվի առնելով ՀՀ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու քաղաքացիների պահանջը և այն, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից դեռ չկան առաջարկված թեկնածուներ, Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է քննարկել անկախ թեկնածու առաջադրելու տարբերակը:
Մեր կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում առ այն, որ որպես ընդդիմադիր թեկնածու և Փաշինյանին այլընտրանք կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, մի մարդ, ով 2018 թվականից ի վեր կիսում է ՀՀ վարչապետի գրեթե բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը, և ով ըստ էության չի եղել ընդդիմադիր:
Քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչ այս պահը դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուին, Ռեֆորմիստների կուսակցությունը, որը 7 տարի եղել է պայքարի առաջնագծում, որոշում է կայացրել առաջարկել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և պատգամավորներին որպես վարչապետի թեկնածու առաջադրել որևէ խմբակցությունում չընդգրկված անկախ թեկնածու, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ,ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանի թեկնածությունը:
Պատրաստ ենք այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ պատգամավորների և քաղաքական ուժերի հետ»,-ասված է հայտարարության մեջ: