Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայի մոտակայքում ծովում հայտնաբերվել է օդային շտապօգնության այն ուղղաթիռը, որ հայտարարվել էր անհետ կորած։ Ուղղաթիռում գտնվել է վեց մարդ, որոնցից երեքը ողջ են, իսկ երեքը՝ մահացած։ Տեղեկությունը հաստատել են իշխանությունները։
Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության փոխանցմամբ՝ կիրակի կեսօրին հաղորդում է ստացվել, որ ուղղաթիռը կորցրել է կապը՝ օդ բարձրանալով Ծուշիմա կղզու օդանավակայանից և ուղևորվելով Ֆուկուոկայի հիվանդանոց։
Որոնողական աշխատանքների ընթացքում ուղղաթիռը հայտնաբերվել է ջրի վրա։
Ըստ տվյալների՝ փրկվել են օդաչուն, մեխանիկը և բուժքույրը, նրանց գիտակցությունը տեղն է։ Իսկ բժիշկը, կին հիվանդը և նրա հարազատներից մեկը զոհվել են ։
Վթարի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է հետաքննություն։