Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ժամանել է Ադրբեջան։ Նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում Անդրեյ Սիբիհան Ալիևին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ջերմ ողջույնները: Նա երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնության համար՝ մասնավորապես նշելով Իրպեն քաղաքում իրականացվող նախագծերի կարևորությունը։
Անդրեյ Սիբիհան նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակական աջակցության համար։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան հետևողականորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, վերականգնվող էներգիան, տրանսպորտը, առևտուրը և գյուղատնտեսությունը։