Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը 6 տարվա աշխատանքից հետո ազատվել է այդ պաշտոնից. պայմանագրի ժամկետն է լրացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սերգեյ Խաչատրյանը։
«Ահա եկավ օրն ու ժամը` թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա։
Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարվա ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված և լքված ոլորտ, անբարեկեցիկ և հուսախաբ, ոտնահարված իրավունքներով և անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ այս ոլորտում ծայրահեղաբար շեշտված են մարդկային որակներն ու հարաբերությունները` և՛ լավ, և՛ վատ տեսանկյուններից։ Խաչատրյանի պնդմամբ` 6 տարում կարողացել է իր ներդրումն ունենալ ոլորտի բարելավման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել այն թիմին, որի հետ աշխատել է, ինչպես նաև առողջապահության նախարարությանը, բազմաթիվ գործընկերների, պետական և ոչ պետական կառույցներին։