Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ իր հաշվին թարմացրել է Սպիտակ տան ինտերիերը՝ զարդարելով այն 24– կարատանոց ոսկուց պատրաստված տարրերով:
«Այո, ինքս եմ արել։ Տեսնու՞մ եք այնտեղ՝ վերևում: Այս ամենը Մար-ա-Լագոյից է… (Թրամփի` Ֆլորիդա նահանգում գտնվող կալվածքը – խմբ.)։ Ամեն ինչ ծածկված է 24– կարատանոց ոսկով։ Հետաքրքիր է, որ մինչև հիմա ներկ չեն հորինել, որն իսկական ոսկու տեսք կունենա», - ասել է Թրամփը՝ պատասխանելով նստավայրի վերանորոգման համար անձնական ծախսերի մասին հարցին։
Նա նաև հաստատել է Սպիտակ տան շինություններից մեկում նոր ջահ կախելու մտադրությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը մտադիր էր այն տեղադրել Օվալաձև աշխատասենյակում, սակայն առաստաղի անբավարար ամրության պատճառով այլ սենյակ է ընտրել:
«Այո, ես զբաղվում եմ դրանով։ Այն շքեղ բյուրեղյա ջահ է լինելու՝ իր տեսակի մեջ լավագույնը: Այն հիանալի կտեղավորվի: Թեև մենք առայժմ չափազանց զբաղված ենք Չինաստանով և Ռուսաստանով», - հավելել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որտեղ կհայտնվի նոր ջահը։
Թրամփի խոսքով՝ վերանորոգումից հետո Օվալաձև աշխատասենյակը պատշաճ տեսք ունի։ Նա նշել է, որ նախկինում այդ տարածքին նախկինում անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել։
Ինչպես ավելի վաղ գրել էր The Wall Street Journal -ը, Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո Թրամփը ինտերիերին զգալի քանակությամբ ոսկե դետալներ է ավելացրել՝ ձգտելով վերստեղծել իր Մար-ա-Լագո կալվածքի մթնոլորտը: Մասնավորապես, նա իր և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար պատվիրել է ոսկեզօծ շրջանակներով դիմանկարներ՝ դրանցով փոխարինելով նախապես պատրաստված սպիտակները։ Թրամփը նաև անձամբ վերահսկել է Օվալաձև գրասենյակի թիկնոցի վրա փորագրված ոսկյա զարդերի տեղադրումը և Մար-ա-Լագոյից բերել է ոսկե քերովբեներ։ Բայդենի վարչակազմի օրոք բուխարին զարդարված էր կենդանի բույսերով:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ռուսաստանի և Լիտվայի քաղաքացիներին, որոնք փետրվարին վնասել էին Երևանի մետրոյի վագոնները։
ՆԳՆ-ից էլ ավելի ուշ հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացիներ։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկվել Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Ռադգինը, 20-ամյա Սավելի Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը:
Արագածոտնի մարզի տրանսպորտային ցանցն առայժմ չի փոխվի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Հաշվի առնելով միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունները և մտահոգությունները՝ որոշում է կայացրել այն չգործարկել մայիսի 1-ից, ինչպես մինչ այդ որոշվել էր։
Նշվում է, որ այսօր Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնող մրցույթում հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։
Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։
Առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։
«Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ նախատեսվող փոփոխությունները դժգոհություններ են առաջացրել մարզի բնակիչների շրջանում։ Ապրիլի 27-ին տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը Կոշ գյուղի խաչմերուկում։ Նրանց խոսքով՝ գործող երթուղին հնարավորություն է տալիս հասնել մինչև «Կիլիկիա» ավտոկայան, իսկ փոփոխություններից հետո իրենք ստիպված են լինելու մի քանի տրանսպորտ փոխել, քանի որ գյուղերից տրանսպորտը մինչև Աշտարակ է հասնելու։ Բացի այդ նաև ուղեվարձն է թանկանալու։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկությունը: Նեթանյահուի այցը կտևի մինչև մայիսի 11-ը:
Նշվում է, որ մայիսի 8-ին Նեթանյահուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ:
Ըստ լրատվամիջոցների՝ այցի ընթացքում Նեթանյահուն Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկու երկրի միջև կապերի ամրապնդման հարցերը:
Իսրայելի վարչապետի նախորդ այցն Ադրբեջան տեղի է ունեցել 2016 թվականին:
Ադրբեջանում մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են և ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում՝ ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրագոսի հարցերին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ:
Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաև՝ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, ազատել պահվող հայերին և ապահովել ԼՂ հայերի վերադարձի երաշխիքները:
«ԵՄ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների թվի տագնապալի աճի կապակցությամբ։ ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել համապատասխանեցնել իրենց գործողությունները ներքին և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում ԵՄ-ն հետևողականորեն կոչ է անում ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար»,- ասված է Կալասի պատասխանում:
Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ փոխգործակցությունը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:
Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը նշել է, որ Կալասը ողջունել է երկու երկրների միջև երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ կոչ անելով բաց չթողներ պահը և ապահովել գործընթացի սահուն ավարտը։
Կանադայում ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների գրեթե բոլոր քվեների հաշվարկի արդյունքներով՝ Լիբերալ կուսակցությունը՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, խորհրդարանում ստացել է 168 մանդատ և կարող է կազմել փոքրամասնության կառավարություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրորդ տեղը զբաղեցրած պահպանողականները ստացել են 144 մանդատ։
343 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա նվազագույնը 172 ձայն։
Գործակալությունը նշում է, որ Կանադայում փոքրամասնության կառավարությունները հազվադեպ են 2,5 տարուց ավելի կառավարում։ Եթե Քարնիին հաջողվի կոալիցիա կազմել ձախ կողմնորոշում ունեցող Նոր դեմոկրատական կուսակցության կամ կանաչների հետ, նա կկարողանա խորհրդարանում մեծամասնություն ունենալ։
Նախքան վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրաժարականը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումն ու Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին նրա մեկնաբանությունները, լիբերալները հունվարին կայացած հարցումներով 20%-ով ավելի ցածր արդյունքներ էին գրանցում։
Իտալացի կարդինալ Անջելո Բեչչուն հայտարարել է, որ չի մասնակցի Հռոմի Պապի ընտրության համար գումարվող կոնկլավին՝ հաշվի առնելով «եկեղեցու բարօրությունը»։ Վատիկանի՝ «դարի դատավարության» կենտրոնում գտնվող կարդինալի այս որոշումը վերջ դրեց վերջին օրերի լարված քննարկումներին. գրում է AP-ն։
2020թ. սկանդալի պատճառով կարդինալական կոչումից հրաժարվելուց հետո Բեչչուն հայտարարել էր, որ չի մասնակցի ապագա կոնկլավներին։ Սակայն վերջերս նա պնդում էր, որ իրավունք ունի մայիսի 7-ին, մյուս կարդինալների հետ, մտնել Սիքստինյան կապելլա։
Երեքշաբթի օրը 76-ամյա կարդինալը իր փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով եկեղեցու բարօրությունը, որին ծառայել եմ և կշարունակեմ ծառայել հավատարմությամբ ու սիրով, ինչպես նաև ձգտելով նպաստել կոնկլավի համերաշխությանն ու խաղաղ ընթացքին, ես որոշել եմ, ինչպես միշտ, ենթարկվել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կամքին և չմասնակցել կոնկլավին՝ համոզված մնալով իմ անմեղության մեջ»։
Ժամանակին Բեչչուն եղել է Վատիկանի վարչակազմի ազդեցիկ ղեկավար և համարվում էր Հռոմի Պապի գահի հավանական թեկնածուներից մեկը։ Սակայն 2020 թվականին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նրան ստիպել է հրաժարվել Վատիկանի սրբադասման գրասենյակի ղեկավարի պաշտոնից և կարդինալի իրավունքներից՝ ֆինանսական խարդախությունների մեղադրանքների պատճառով։
Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն (WRC) իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։
Ինչպես տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կենդանին տեղափոխվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։
Ներկայումս մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի վիճակը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և նրա համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հետագա առողջ զարգացման համար։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնից հանրությանը հիշեցնում են՝ եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, հետևեք այս կարևոր ցուցումներին.
Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով
Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից
Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների օգնությանը։
Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝ 08000411։
Թուրքիայի զբոսաշրջային Անթալիա քաղաքում բացվել է երկրի երկրորդ ամենամեծ օդանավակայանը։ Նշվում է, որ այն համարվում է երկրորդը Ստամբուլի օդանավակայանից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում տարածքի մակերեսը 90.143 քառակուսի մետրից ընդլայնվել է մինչև 224.000 քառակուսի մետրի։
Մասնավորապես 1.4 մլն քմ տարածքով ավելացվել է ինքնաթիռների կայանատեղիների վայրը՝ դրանց թիվը հասցնելով 202-ի։ Նշվում է, որ Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն մարդու։
Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։