Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը հավանություն է տվել Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի տեղափոխությանը Հայաստանի հավաքական, այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է երեքշաբթի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմի նիստում։ Այժմ մարզիկները պետք է ելույթների թույլտվություն ստանան Չմշկորդների միջազգային միությունից։
21-ամյա Կարինեն և 26-ամյա Նիկիտան Ռուսաստանի գավաթի 2021թ. փուլի արծաթե մեդալակիրներ են:
Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք, ձեր խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը։
ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ նա ընդդիմադիրներին ասել էր «համբալ», հայտարարել էր. «Հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է` նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ»։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Երևանին առաջարկում է ատոմակայանի միջուկային էներգաբլոկների լայն տեսականի՝ խոշոր ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ դեսպանի հայտարարությունը հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
«Դուք հիշատակեցիք նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցը։ Ռուսական կողմից առաջարկներ կան, որքանով ես գիտեմ, ամբողջ գծի վերաբերյալ։ Առաջարկներ կան և՛ մեծ ռեակտորի վերաբերյալ՝ մանրամասն հիմնավորմամբ և տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, և՛ ցածր հզորության մոդուլների վերաբերյալ։ Եվ կարիք չկա ասելու, որ «Ռոսատոմ»-ն այստեղ ունի եզակի իրավասություն։ Կա լողացող, արդեն գործող համապատասխան կայան», - ասել է Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ ավելի համապարփակ առաջարկ կլինի, եթե հայկական կողմը ընդունի բարձր հզորության բլոկի առաջարկը։
«Ինչպես գիտեք, մենք պատրաստ ենք տարբեր տարբերակների՝ համաձայն հայկական կողմի ընտրության։ Եվ այստեղ հարցեր չկան», - նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Խոսելով գործող ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքների մասին՝ Ռուսաստանի դեսպանը նշել է ծառայության ժամկետի վրա ազդող լրացուցիչ դժվարությունների կանխարգելման կարևորությունը՝ կապված հանրապետության միջուկային անվտանգության ոլորտում եվրոպական չափանիշների ինտեգրման գծի հետ։
Իր հերթին, ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը դեսպանին պատմել է գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը երկարաձգելու աշխատանքների և 2026 թվականից հետո այն շահագործելու թույլտվություն ստանալու համար փաստաթղթերի պատրաստման մասին։ Մարտիրոսյանի խոսքով՝ գործող ատոմակայանը անխափան էլեկտրամատակարարում է ապահովում Հայաստանի ամբողջ արդյունաբերության գրեթե 30-40%-ին։ Մարտիրոսյանը նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, նոր էներգաբլոկի մոդելը հանրապետությունը կորոշի հաջորդ տարի։
Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանն, իր հերթին, լրագրողներին ասել է, որ Հայաստանում գործող էներգաբլոկների նման էներգաբլոկների ծառայության ժամկետը 60 տարի է, իսկ որոշ բլոկներ ունեն մինչև 70-80 տարվա ռեսուրս։
«Այսպիսով, մենք հնարավորություններ ունենք՝ հաշվի առնելով այս երկրների փորձը։ Սակայն, եթե նոր բլոկը շահագործման հանձնվի, ապա գործողը պետք է կանգնեցվի, քանի որ սառեցման ջրի հետ կապված խնդիրներ կլինեն», - նշել է Վարդանյանը։
Իրանի ղեկավարությունը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի, եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարությունը շարունակի հակաիրանական քաղաքականություն վարել։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված պաշտոնական դիմումում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային ոլորտում հետազոտությունների և մշակումների ոլորտում սահմանափակումներ չունի և իրավունք ունի հարստացնել ուրանը մինչև 93%՝ իր գիտական, բժշկական և արդյունաբերական կարիքներին համապատասխան», - ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
Նրանք հիշեցրել են, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, Իրանի ժողովուրդն ունի երեք անօտարելի իրավունք՝ իրականացնել հետազոտություններ և մշակումներ, արտադրել և օգտագործել միջուկային էներգիա։ Ընդգծվում է, որ երկրի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։
2015 թվականին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ստորագրեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է որպես Իրանի գործարք։
Այն ենթադրում էր, որ Իրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագիրը՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց։ 2018 թվականին Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից։ Դրանից հետո Իրանը մեծացրել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները և, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, մոտավորապես 40 անգամ գերազանցել է ՀԳՀԾ-ով սահմանված սահմանաչափը։ Ապրիլին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը «մոտ է միջուկային ռումբ ստեղծելուն»:
Նա ասել է, որ ներկա պայմաններում Թեհրանին մի քանի միջուկային մարտագլխիկներ ստեղծելու համար կպահանջվեն ամիսներ, ոչ թե տարիներ։
Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ։ Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերում զարգացել է գերհզոր ամպորպային ամպ որից 1 ժամնվա ընթացքում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև, առաջացնելով ջրածածկումներ։
Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Հանրապետության առանձին գոտիներում այդ թվում Երևանի առանձին մասերում անձրևները կլինեն հորդառատ։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է 387.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.64 դրամ (աճել է 4.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.81 դրամ (աճել է 5.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 388-390.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-431 դրամով, վաճառվում է 437-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.60 դրամով, վաճառվում է 4.89-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 437–439 դրամով:
Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով:
Զինվորական ծառայությունից զորացրված անձինք աշխատաշուկա մուտք գործելու ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են ունենում։ Նրանց աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում զինվորական ծառայությունից զորացրվածները ստանում են մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման աջակցություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Նրա խոսքով, այդ ծրագրում 1600-ից ավելի մարդ է ընդգրկվել. «Տարվա սկզբին մենք շահառուների որոշակի թվի կանխատեսում ենք ունենում, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ դիմողներն ավելի շատ են լինում։ Նախորդ տարի մենք կանխատեսել էինք 275 շահառու, սակայն ընդգրկվել է 321-ը։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ մեր դիմումները մեր նախատեսածից ավելին են լինում, միևնույն է նախարարությունն ընդառաջում է ու ընդգրկում է բոլոր ցանկացողներին»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։
Ծրագիրն ունի 3 բաղադրիչ։ Առաջինը մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցման բաղադրիչն է։ Այս դեպքում պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ 32 հազար դրամի սահմաններում։
Հաջորդ բաղադրիչը վերաբերում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացին։ Այս դեպքում առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
Երրորդ բաղադրիչի շրջանակում գործատուին տրվում է միանվագ գումար 300,000 դրամի չափով շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
«Ուսումնական ծրագրերի, մասնագիտության ընտրության հարցում նախընտրությունները տարբեր են։ Տարիների ընթացքում միտումը նաև փոխվում է։ Եթե նախկինում թվային մարկետինգի ուղղությամբ դիմում չկար, ապա հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ դիմումներն ավելանում են։ Նախընտրում են նաև ծրագրավորման, 3D մոդելավորում, կահույքագործություն և այլն։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունները պահանջված են»,-ասաց նախարարի տեղակալը։
2025 թվականի համար նախատեսված է ընդունել 500 շահառուի, սակայն ավելին լինելու դեպքում պատրաստ են աջակցել։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում բնակարանի ձեռքբերմանը։
««Hetq.am» լրատվական կայքում ս.թ. ապրիլի 29-ին հրապարակված «600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Հետք» լրատվականի կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը դեռևս 31.03.2025թ.-ին հարցում էր հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին որդու՝ Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ, որի կապակցությամբ ԱԱԾ աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ԱԱԾ տնօրենի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին, ուստի հայցվող տեղեկատվությունը ԱԱԾ-ն չի կարող տրամադրել, ինչի մասին հոդվածում նշվել է:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը որպես չափահաս ՀՀ քաղաքացի վերոնշյալ գույքը ձեռք բերելու համար գործարք է կնքել քաղաքացի Եղիշ Համբարձումյանի հետ և հիփոթեքային վարկավորման միջոցով գնել տվյալ բնակարանը:
Հոդվածում վկայակոչված, գույքի նախկին սեփականատիրոջ և գույքի նախապատմության հետ Ռ. Աբազյանը որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանզի վերջինս գույքը ձեռք է բերել քաղաքացի Եղիշ Համբարձումյանից, ով եղել է այդ գույքի օրինական սեփականատերը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, զբաղվում է ձեռներեցությամբ: Ուստի հաշվի առնելով ձեռնարկատեր Ռոբերտ Աբազյանի եկամուտների չափը՝ հիփոթեքային վարկավորումը տրամադրվել է 100 տոկոսով՝ առանց նախավճարի»,- ասվում է «Արմենպրես»-ին տրված պարզաբանման մեջ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցածին։
Նա, մասնավորապես, իր էջում գրել է. «Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։
Չեմ չափազանցնում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության․ ծնողների մի զգալի մասը չգիտի՝ իր երեխան ինչով է զբաղված, տպավորություն է, որ ոչ էլ ուզում է իմանալ։
Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե իրենց վերաբերմունքն է, թե իրենց կողմից նաև իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա։
Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։
Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է»։
Հռոմի Լևոն 14-րդը պապը հանձնառություն է հայտնել «գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհւոմ խաղաղությունը տիրի»: Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ հնարավոր ամեն ինչ անելու «օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, ու ժողովուրդներն ամենուր հույս գտնեն և վերականգնեն խաղաղության արժանապատվությունը»։
Հռոմի պապը կոչ է արել երկխոսել և չբաժանել հակամարտության կողմերին «վատերի և լավերի»: Խոսելով Վատիկանում արևելյան եկեղեցիների ներկայացուցիչների հետ՝ պոնտիֆիկոսը նշել է, որ ինքը պատրաստ է աջակցել «թշնամիների հանդիպմանը»։
«Եկեք աղոթենք մի աշխարհի համար, որը հաշտեցնում է, ներում, թույլ է տալիս շրջել էջը և սկսել նորից: Ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի այդպիսի աշխարհ գոյություն ունենա: Սուրբ Աթոռը պատրաստ է օգնել թշնամիներին հանդիպել և նայել միմյանց աչքերի մեջ, որպեսզի հույսն ու խաղաղության արժանապատվությունը վերադարձվեն ժողովուրդներին: Ժողովուրդները խաղաղություն են ուզում, և ես ի սրտե ասում եմ ղեկավարներին՝ եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք», - ասել է պոնտիֆիկոսը: