Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն
Ապրիլի 19, 2025

Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն

Մինչ խորհրդարանական ընտրությունները` Վրաստանում նախատեսվում է բանտարկյալների լայնածավալ համաներում հայտարարել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է NewsGeorgia-ն։

«Մոտ օրերս մենք նախատեսում ենք խորհրդարանում համապատասխան օրինագիծ նախաձեռնել»,- ասել է նա։

Կառավարությունն ակնկալում է, որ նախաձեռնության քննարկումները կշարունակվեն հուլիսին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում, իսկ օրենքը վերջնական ընթերցմամբ կընդունվի սեպտեմբերին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ արդեն որոշվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա կտարածվի համաներումը։ Նա չի հստակեցրել, թե քանի բանտարկյալների վրա դա կազդի, սակայն ասել է, որ նպատակներից մեկը Վրաստանի բանտերում մարդկանց թիվը «լրջորեն կրճատելն է»:

«Մոտ 10 հազար բանտարկյալ ունենք բանտերում։ Կարևոր է, որ մոտ ապագայում դրանց թիվը լրջորեն կրճատվի եվրոպական օպտիմալ ցուցանիշին մոտենալու համար։ Դրան հասնելու համար ցանկալի է բանտարկյալների թիվը կրճատել առնվազն մոտ մեկ երրորդով։ Կարծում ենք, որ համաներման մասին պատրաստված օրենքը լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս