Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները
Հունիսի 26, 2025

Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները

Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից: 

«Համաձայն սահմանված կանոնների՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը, պետք է անցնեն գրանցման ընթացակարգը Միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ)»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Սույն ընթացակարգը պարտադիր է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների. 

  • Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ
  • Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողներ
  • 6 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: 

Նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Գոսուսլուգի» կայքում: 

«ruID» բջջային հավելվածը հասանելի է հավելվածի պաշտոնական հարթակներում: 

 Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը վիզային ռեժիմով, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային վիզայով, մնում է անփոփոխ:

Rate this item
(0 votes)

Լրահոս