Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից
Հունիսի 22, 2025

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրապարակել է գաղտնազերծում՝ Սարգսյան-Գյուլ բանակցություններից․

«․․․ Հանդիպումից հետո Սարգսյանն ու Գյուլը քննարկումը շարունակեցին արդեն ճաշի սեղանի շուրջ՝ հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Քադիֆե» ռեստորանում։ Ինչպես երևանյան ճաշի դեպքում՝ թուրքական կողմը, մենք ևս հատուկ որևէ վերապահում չէինք ներկայացրել մատուցվող ճաշացանկի հարցում։ Սեղանին ավանդական թուրքական ուտեստներ էին, որոնց թագն ու պսակը նրբահամ բլիթներն էին, որ Սարգսյանին հյուրասիրելու համար հատուկ պատրաստել էր Գյուլի կինը։

Դիվանագիտության սեփական ավանդույթներն ունեցող Թուրքիայի նախագահը մատուցման ժամանակ հատուկ շեշտեց այդ հանգամանքը։ Ճաշին զուգահեռ՝ կիսաձայն երաժշտություն էր հնչում։ Թուրք երաժիշտներն ընտրել էին ժողովրդական մեղեդիներ, որոնք քաջածանոթ էին և՛ հայերին, և՛ թուրքերին՝ շեշտելու երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ անցյալը։ Հայերենն ու թուրքերենը հնչում էին հաջորդաբար։ Հնչեց նաև Սայաթ-Նովայի «Քամանչան»։ Ամենատպավորիչն այն մեղեդին էր, որ մեզ՝ հայերիս, հայտնի է որպես « Սարի աղջիկ», իսկ թուրքերին՝ «Sari Gelin»՝ « Դեղին հարս» անվանումով։

Զուգահեռ՝ Գյուլը Սարգսյանին ցածրաձայն պատմում էր երգի պատմությունը, թարգմանում բառերը, շեշտում հայ ու թուրք ժողովուրդների երաժշտական ժառանգության ընդհանրությունները, ապա նկատում, որ Թուրքիայի Հանրապետության օրհներգի երաժշտության համահեղինակներից մեկն ազգությամբ հայ Էդգար Մանասն է։

Մեղեդու ավարտից հետո Դավութօղլուն շարունակեց Գյուլի միտքն ու ավելացրեց, որ միայն երաժշտության բնագավառում չէ, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության ու ժամանակակից Թուրքիայի կյանքում՝ վկայակոչելով ճարտարապետությունը։

Գյուլն անմիջապես վրա բերեց, որ օսմանյան սուլթանների նշանավոր Դոլմաբահչե նստավայրի ճարտարապետները եղել են հայազգի Բալյանները։ Ապա Դավութօղլուն կրկին վերցրեց դրոշակը՝ հիշելով հայազգի բժիշկներին ու բանկիրներին։

Ակամա ուզում էիր հարցնել՝ այդ դեպքում որտե՞ղ են այսօր նրանց ժառանգները։

Հատված իմ հեղինակած “Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը” գրքից»։

Rate this item
(0 votes)

Լրահոս