Իրանա-իսրայելական դիմակայության սրացման և Հարավային Կովկասում աճող անկայունության պայմաններում Իրանի համար առաջնային է դառնում ներքին կայունության պահպանումը: Տարածաշրջանում նոր հակամարտության մեջ ներգրավվելը, հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ճնշման պայմաններում, խիստ աննպատակահարմար կլիներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ռազմավարական հետազոտությունների իրանա-չինական ինստիտուտի գլխավոր քարտուղար Ֆարշադ Ադելը։
Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն կարող են փորձել իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար, հատկապես եթե նրանց հաջողվի ստանալ ԱՄՆ–ի աջակցությունը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ներկայացնելով որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման գործոն:
«Իրանի վրա հարձակումը յուրատեսակ փորձություն էր արևելյան բլոկի համար և ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեռ պատրաստ չեն ԱՄՆ-ի հետ բաց առճակատման», - ասաց նա:
Այս պայմաններում, եթե Թուրքիան և Ադրբեջանը Վաշինգտոնին համոզեն, որ «Զանգեզուրի միջանցքը» նպաստում է կայունությանը, այդ նախագծի իրագործման հավանականությունը կմեծանա: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ քիչ հավանական է, որ Իրանը համարձակվի նոր առճակատման գնալ Արևմուտքի հետ, հատկապես Կովկասում։ Դա կանդրադառնա նաև այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի վրա», - նշեց փորձագետը։
Ադելն ընդգծեց, որ պաշտոնական Թեհրանը խուսափում է բացահայտ մեղադրանքներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային. հարևանների հետ կայուն հարաբերությունների պահպանումը մնում է առաջնահերթություն։ Այժմ ցանկացած կտրուկ հայտարարություն միայն կվատթարացնի իրավիճակը, և Թեհրանում շատ լավ հասկանում են դա։
Փորձագետը նաև մատնանշեց Իսրայելի տեխնոլոգիական գերազանցությունը և նրա ակտիվ ներկայությունը Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ ընդգծելով, որ հարձակումները կարող էին տեղի ունենալ առանց Ադրբեջանի իմացության, ինչպես դա արդեն նկատվում է Իրաքում, որտեղ, չնայած պաշտոնական դիմադրությանը, օդային տարածքն իրականում օգտագործվում է:
Նա նաև չբացառեց, որ Իսրայելին աջակցելու համար ԱՄՆ-ն կարող էր օգտագործել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով ստացած հետախուզական տվյալները:
Միաժամանակ, նրա խոսքով, Անկարան շահագրգռված չէ Իրանի ապակայունացմամբ։ Քաոսն Իրանում լուրջ մարտահրավերներ կառաջացնի Թուրքիայի համար՝ անվտանգության սպառնալիքներից մինչև տնտեսական հետևանքներ։ Առաջին հերթին խոսքը 90–միլիոնանոց երկրից փախստականների հնարավոր զանգվածային հոսքի մասին է, ինչը կարող է խոշորագույն միգրացիոն ճգնաժամ առաջացնել։ Բացի այդ, Ադելի կարծիքով, Իրանի անկայունությունը ողջ տարածաշրջանում կստեղծի անվտանգային յուրատեսակ «սև խոռոչ»:
Հենց աշխարհագրական մոտիկությունն է Թուրքիային հատկապես զգայուն դարձնում և ստիպում պրագմատիկ գործել։ Այնուամենայնիվ, Անկարան կարող է օգտվել անկայունությունից իր շահերն առաջ տանելու համար։ Փորձագետի կարծիքով՝ Իրանում հնարավոր ճգնաժամը կարող է հարմար պահ դառնալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նվազագույն ցնցումներով իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է միջազգային աջակցությանը, ապա Ադելը նշեց, որ դիվանագիտական ջանքերն արժեք կունենան միայն այն դեպքում, եթե հանգեցնեն իրական կարգավորման: Այս պահին Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը զուտ խորհրդանշական է. Իրանի աջակցության համար որևէ շոշափելի քայլ չի ձեռնարկվել:
«Որոշ արաբական երկրներ, ինչպես նաև Պակիստանն ու Թուրքիան կարող են փորձել ավելի ակտիվ դեր խաղալ, սակայն Ռուսաստանից էական միջամտություն ակնկալել պետք չէ», - եզրափակեց նա:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։