«Հրապարակ» թերթը գրում է. ««Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը:
Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված: Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, եւ իրենց թաղապետին պատժեն` գործից ազատեն, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երեւանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երեւանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» եւ Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերեւս, նաեւ այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի` մեղմ հոդվածով:
Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաեւ թաղապետը: Որոշ ժամանակ իբրեւ թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն` երկուսն էլ կարճել, եւ թաղապետն էլ կշարունակի։