Չինաստան կատարած այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարելի է ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար։
«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ընդհանրապես՝ իմ առաջին այցն է ձեր երկիր։ Եվ ես իրապես տպավորված եմ չինական հիասքանչ քաղաքակրթությամբ։ Պարո՛ն նախարար, հետաքրքիրն այն է, որ ես ժամանել եմ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթով, որն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Ես կարծում եմ՝ սա մեր կապերի խորացման շոշափելի օրինակ է, ինչպես նաև լավ հնարավորություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների և բիզնեսների միջև կապերը։ Դուք խոսեցիք տնտեսական աճի, առևտրի ծավալների, թվերի մասին. եթե չեմ սխալվում, անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ սա դինամիկայի լավ օրինակ է։ Բայց, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ սա մեր ամբողջ ներուժը չէ»,-նշել է Միրզոյանը։
Նախարարը նկատել է, որ Չինաստան կատարած այցն ու այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող են կողմերն ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։
«Բայց ավելի կարևոր է, և սա, կարծում եմ, լավ հնարավորություն է՝ դառնալու միմյանց համար առավել հասկանալի և կանխատեսելի գործընկերներ, տեսնելու, թե ինչպես կարող ենք խորացնել քաղաքական երկխոսությունը, որը, կարծում եմ, կարող եմ այս բառն օգտագործել, արդեն բավականաչափ հասուն է, և թե ինչպես կարող ենք մեր ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Նաև կարող ենք քննարկել, և վստահ եմ, որ այս համատեքստում ևս ունենք բազմաթիվ թեմաներ, միջազգային հարթակներում մեր հետագա համագործակցությունը։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակետները, տեսլականները միմյանց բավականին մոտ են»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։