Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին: Այս մասին հայտնում է NourNews լրատվական կայքը։
Իսրայելի հարվածի պահը, ըստ իրանական լրատվամիջոցների, IRIB պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա ուղիղ հեռարձակվել է լուրերի ուղիղ եթերում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը «հրատապ նախազգուշացում» էր արել Թեհրանի երրորդ շրջանի բնակիչներին։
«Առաջիկա ժամերին Իսրայելի պաշտպանության բանակը կգործի այս տարածքում, ինչպես դա արել է վերջին օրերին ողջ Թեհրանում՝ նպատակ ունենալով թիրախավորել իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքը»,- X սոցիալական ցանցում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը։
Հաղորդագրությանը կցված է այն տարածքի քարտեզը, որտեղից Իսրայելի պաշտպանության բանակը խորհուրդ է տալիս անհապաղ տարհանել: