Այստեղից անցնենք գլխավորին։ Կարո՞ղ է արդյոք մերօրյա Հայաստանում որևէ բարձրաստիճան անձ «ոչ» ասել երկրի ղեկավարին կամ գոնե կասկած հայտնել կայացվող այս կամ այն որոշման վերաբերյալ: Չի կարող։ Այն ամենը, ինչ ասում է, այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատն ընդունում է ջերմորեն, հավանություն է տալիս միաձայն, ճանաչում է միակ ճշմարտություն։ Ինչպես Լենինի ուսմունքը կոմունիստների օրոք: Հարցն այն չէ, որ ցուցադրաբար առարկելով՝ սեփական կարծիքը պաշտպանող ընդդիմախոսի դիրք բռնեն, այլ հանուն գործի, որը սխալ է գնում և սխալ բանի է հանգեցնելու։

Վերջերս Փաշինյանը ներքին խորը բավարարվածության զգացումով «մտրակեց» եկեղեցական իշխանությանը, որը նախկինում երբեք պետության կողմից օբստրուկցիայի չէր ենթարկվել։ Ուշադիր նայեք տեսանյութը, որտեղ ոգևորված վարչապետը քննադատում է հոգևորականներին. կառավարությունն անտարբեր է, անկիրք, անսասան լուռ։ Ոչ ոք ձայն չի հանում, հարց չի տալիս, ճշտումներ չի խնդրում, կասկած չի հայտնում։ Թե ինչ կլիներ այդ դեպքում «հերետիկոսի» հետ՝ բոլորը գիտեն։
Իրավիճակը, երբ ստորադասները անծպտուն հնազանդվում են վերադասին, Փաշինյանի հորինածը չէ. այդպես եղել է, շատ երկրներում այսօր էլ այդպես է, բայց թե ինչի է դա հանգեցնում, նույնպես գաղտնիք չէ:
Այստեղ ես վերադառնում եմ որթատունկին ու թթենուն․ այսպես ավելի հեշտ է բացատրել, թե ով ում բարեկամն է մեր պատմության մեջ:
Եթե խոսում ենք ամենա-ամենային չհնազանդվելու կամ չլսելու մասին, ապա Նիկոլ Փաշինյանն իր նախարարներով Լեոնիդ Բրեժնևից դեռ շատ է հեռու։ Մի քայլ աջ, մի քայլ ձախ՝ պաշտոնից զրկում էին։ Եվ այնուամենայնիվ․․․
Հայաստանի առաջին դեմքը, տվյալ դեպքում՝ Կարեն Դեմիրճյանը, համարձակվեց չհնազանդվել քաղբյուրոյի ամենազոր տիրակալին, ստանձնեց հիմարությանը չենթարկվելու պատասխանատվությունը և թույլ չտվեց, որ խավարամիտների ձեռքերը հասնեն Հայաստանի խաղողին։ Ի դեպ, նկատենք, որ հանրապետության այն ժամանակվա պետական զինանշանը, բացի մեծ ու փոքր Արարատի (ներկայիս իշխանության օրոք անհետացման վտանգի տակ հայտնված) պատկերից, զարդարում էր հենց խաղողի թուփը ՝ որթատունկով ու տերևներով։ Այսպիսով, խաղողի այգիների պաշտպանությունն ինչ-որ իմաստով հատվում էր հայոց պետականության պաշտպանության հետ։
Ինչ վերաբերում է գինիներին․ խորհրդային կառավարությունը նախատեսում էր աստիճանաբար կրճատել դրանց արտադրությունը և 2000-ականների սկզբին ամբողջովին վերջ տալ գինեգործությանը: Եթե նման բան լիներ, այսօր ոչ մենք, ոչ Հայաստանի հյուրերը, ոչ գինու սիրահարները չէինք տեսնի ո՛չ «Արենի»-ն, ո՛չ «Կարասը», ո՛չ «Կատարը», էլ չենք խոսում կոնյակների մասին։
Ինչևէ, ԽՍՀՄ միանձնյա առաջնորդի հետ բացեիբաց առճակատման մեջ չմտնելով՝ Կարեն Դեմիրճյանը նրան չհնազանդվելու ռիսկին դիմեց և իր ձևով վարվեց։ Առանց աղմուկ բարձրացնելու, ներքին հրաման տվեց՝ առանձնապես ջերմեռանդություն չցուցաբերել և Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղերը հանգիստ թողնել։
Արդյո՞ք Դեմիրճյանը կարող էր դրա համար իր պաշտոնով վճարել։ Հեշտ ու հանգիստ։ Ընդ որում, հենց այդ օրերին Հայաստան էր ժամանել պարտիայի երկրորդ դեմքը, «կանաչ օձի» դեմ պայքարի ջատագով Եգոր Լիգաչևը, և իշխանությունների առաջ բարդ հարց էր դրված․ բարձրաստիճան հյուրի երթուղին այնպես գծել, որպեսզի նա չհատվի Երևանի մուտքի մոտ գտնվող կոնյակի գործարանի և Երևանի ելքի մոտ կանգնած շամպայնի գործարանի հետ, էլ չասած բազմաթիվ ռեստորանները, որտեղ կոնյակը մատուցում էին թեյի քողի տակ՝ համապատասխան բաժակներով, իսկ օղին հանքային ջրի շշերն էին լցնում։
Այսինքն՝ Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից, Պատալովը՝ Մոսկվայի իր վերադասից՝ գեներալ Շչելոկովից և յուրաքանչյուրը, այս կամ այն կերպ, կարողացավ այնպես դասավորել, որ «և գառները ողջ լինեն, և գայլերը՝ կուշտ»։ Բայց դրա համար բարձրաստիճան ղեկավարներին ոչ միայն համարձակություն, այլև ուղեղ է պետք։