Եթե ԱՄՆ–ն ներգրավվի այս պատերազմում, չի բացառվում՝ Թուրքիայի իշխանությունների ներքո գործող պանթյուրքիստական կազմակերպությունները սկսեն ակտիվ գործողություններ, որոնց նպատակը կլինի Ատրպատականը դուրս բերել Իրանի կազմից եւ հետագայում միացնել Ադրբեջանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Եթե Միացյալ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, Թուրքիան, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, չի մասնակցի դրանց Իրանի դեմ։ Թուրքիան տասնամյակներ շարունակ ստեղծել եւ կառավարում է հատուկ ծառայությունների միջոցով պանթյուրքիստական կազմակերպությունների, որոնք գործում են Իրանի Ատրպետական նահանգում։ Այդ կազմակերպությունները մինչեւ հիմա Իրանը չի վերացրել։ Եթե իսկապես ԱՄՆ–ն ներգրավվի, լայնածավալ ռազմական սկսվեն, Իրանում դա կարող է առաջացնել զանգվածային ներքին ընդվզումների իշխանությունների դեմ, չի բացառվում այդ պանթյուրքիստական կազմակերպությունները կսկսեն ակտիվ գործունեություն ծավալել, որոնց նպատակը կլինի Ատրպատականը դուրս բերել Իրանի կազմից եւ հետագայում միացնել Ադրբեջանին»,– ասաց թուրքագետը։
Անդրադառնալով թուրք–իրանական եւ թուրք–իսրայելական հարաբերություններին, Սաֆրաստյանը նկատեց, որ դրանք Մերձավոր Արեւելքի դիվանագիտության ամենահետաքրքիր էջերից են. «Թուրքիան եւ Իրանը միմյանց տանել չեն կարողանում, բայց վերջին 100 տարում գտել են այնպիսի բալանս, որը թույլ է տվել խուսափել ռազմական բախումից։ Երկուսն էլ ունեն հնարավորություն ներազդելու միմյանց վրա, ինչն էլ «ստիպում» է գտնել բալանս։ Եթե ռազմական բախում լինի, կնշանակի՝ երկուսի դիրքերն էլ կնվազի Մերձավոր Արեւելքում։ Թուրք–իսրայելական հարաբերությունները նույնպես ամենակարեւորներից են։ Վերջին շրջանում, սակայն, թուրք–իսրայելական հարաբերությունները լարված են, ինչը կապված է Սիրիայի եւ Գազայի հետ։ Թուրքիայի ղեկավարությունը սկսել է կիրառել շատ սուր հակաիսրայելական հռետորաբանություն։ Թուրքիայի նպատակն է ուժեղացնել իր դիրքերը իսլամական աշխարհում եւ դրա համար օգտագործվում է Իսրայելը որպես թիրախ։