Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը չի օգնում Ուկրաինային: Այս մասին ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ հայտնել է նախագահ Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների հետևանքներն արդեն նկատելի են. նավթի գները բարձրացել են, և դա ձեռնտու է Ռուսաստանին։
«Այս գործոնը մեզ հաստատ չի օգնում», - ասել է Զելենսկին։
Նա մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության հնարավոր կրճատման կապակցությամբ:
«Ոչ ոք չի հավակնում Ամերիկայի և Իսրայելի հարաբերություններին, բայց մենք կցանկանայինք, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը չնվազեր դրա պատճառով»,- հավելել է նա։
Նախօրեին ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը նույնպես նշել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման պատճառով Կիևին միայն բացասական հետևանքներ են սպառնում, քանի որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն անխուսափելիորեն կշեղի Արևմուտքի ուշադրությունն ու ռեսուրսներն Ուկրաինայից։
Զելենսկին ավելի վաղ դժգոհություն էր հայտնել, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան հրթիռներ է ուղարկում Իսրայել՝ Ուկրաինայի փոխարեն։