«Հրապարակը» գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։ Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի՝ ձեռնպահն ավելի մոտ է դեմ դիրքորոշմանը, ուստի ձայները հավասարվեցին, եւ նախագիծը չանցավ։
Քվեարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ քննարկման սենյակից։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները, մեղմ ասած, կերան իրար, Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու եւ այլնի մեջ, իսկ եզրափակիչ ելույթում էլ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ ի սկզբանե կողմ է եղել նախագծին, մասնակցել է քննարկումներին, Փաշինյանն էլ է հավանություն տվել, եւ իր համար հասկանալի չէ, թե ինչու են հիմա խմբակցությունում դեմ։
Հաշվի առնելով, որ Փաշինյանին պատգամավորը շնորհակալություն հայտնեց, ստացվում է, որ կա՛մ իշխող խմբակցությունն ինքնագլուխ է տապալել նախագիծը, կա՛մ էլ Փաշինյանը, սովորույթի համաձայն, սկզբում հավանության է արժանացրել նախագիծը, հետո նրան հասկացրել են, որ դա հակասահմանադրական է, նաեւ հարվածելու է իշխանության ռեյտինգին, ու «զադնի է դրել»` մերժելու գործը բարդելով խմբակցության ուսերին։ Մենք նախապես գրել էինք, որ ՔՊ-ում մեկ մարդու պես դեմ են նախագծին, խմբակցության փակ նիստում նրանք հորդորել էին պատգամավորին` հետ կանչել կամ խմբագրել նախագիծը, հատկապես որ պարզվել էր` ԶՈՒ գլխավոր շտաբն ի սկզբանե դեմ է եղել դրան»։