Բնակարանների գերարժևորված գները Երևանում սկսում են կարգավորվել. Անդրանիկ Հարությունով
Մայիսի 19, 2025

Բնակարանների գերարժևորված գները Երևանում սկսում են կարգավորվել. Անդրանիկ Հարությունով

Նախորդ երկու տարիներին անշարժ գույքի շուկայում գերարժևորված գներն այսօր սկսում են կարգավորվել. շուկայում տեղի ունեցող փոփոխությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է բնորոշում Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։

«Կար նորմայից բարձր պահանջարկ, կային գերարժևորված գներ, ԿԲ–ն էլ էր արձանագրել գների գերարժևորում։ Հիմա պահանջարկը նվազել է, գները գնում են կարգավորման»,– նշում է մասնագետը` հիշեցնելով, որ շուկայում գերարժևորման հիմնական գործոնը 2022թ–ին ՌԴ–ից Հայաստան մարդկանց և ֆինանսների ներհոսքն էր, որն ավելի ուշ աստիճանաբար նվազեց` հանգեցնելով նաև պահանջարկի անկման ու գների վերանայման։

«Միանշանակ թե՛ վարձակալության, թե՛ երկրորդային շուկայում գների փոփոխություն կա։ Այն ժամանակ, երբ շուկայում պահանջարկ կար, մեծ քանակությամբ գույք էր պետք, գները բարձրանում էին։ Հիմա, երբ պահանջարկը նվազել է, ռուսաստանցիների մեծ մասը Հայաստանից հեռացել են, նոր շենքեր են կառուցվել, որի արդյունքում ևս պահանջարկի մի մասը լրացվել է, գները, բնական է, որ սկսել են կարգավորվել։ Այլ հարց է, որ շատ սեփականատերեր ուշ են արձագանքում այդ կարգավորմանը, դիմադրում են, չեն ցանկանում իջեցնել գները։ Բայց շուկան ունի իր կարգավորումները, շուկան է գին թելադրողը»,– արձանագրում է Հարությունովը։

Նշենք, որ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական վիճակագրության համաձայն , 2025թ–ի առաջին եռամսյակում Երևանում վարձակալության գործարքների թիվը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27 տոկոսով, բնակարանների վարձակալության թիվը` 77.5 տոկոսով, բնակելի տներինը` 79.1–ով։

Վարձակալության գների մասին պաշտոնական վերլուծությունը լռում է։ Շուկայում ներկա պահին առկա առաջարկների ուսումնասիրությունը վկայում է, որ բնակարանների վարձակալության գները 30-40 տոկոսով նվազել են։ Այսպես. Եթե 2022-23թթ–ին Երևանի ծայրամասերում 2-3 սենյականոց բնակարանների վարձակալության գները գերազանցում էին 200 000–ը, ապա այսօր այդ գնով հնարավոր է բնակարան գտնել նույն համայնքների նորակառույց շենքերում և նույնիսկ Կենտրոնում։ Իսկ, օրինակ, Նոր Նորքում երկրորդային շուկայում, վերանորոգված ու համեստ կահավորանքով 2 սենյականոց բնակարանի վարձակալության արժեքը նվազել է մինչև 130-150 հազար դրամ։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի վաճառքին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Երևանում 2025-ի առաջին եռամսյակում վաճառվել է 3785 բնակարան` 2024-ի առաջին եռամսյակի համեմատ 7.2 տոկոսով ավելի և 2024-ի չորրորդ եռամսյակի համեմատ 22.9 տոկոսով պակաս։

Այս կտրուկ տարբերությունը Հարությունովը մեկնաբանում է անցած տարեվերջին պահանջարկի կտրուկ ավելացմամբ` պայմանավորված Երևանում հիփոթեքային վարկավորման արտոնությունների ժամկետի ավարտով։

Ինչ վերաբերում է գների փոփոխություններին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա 4-րդ եռամսյակի համեմատ դրանք նվազել են 1.5 տոկոսով, առաջին եռամսյակի համեմատ` նույնքանով աճել։

Նույն աղբյուրի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում Երևանի Կենտրոնում բնակարանների միջինացված արժեքը 1 քմ–ի դիմաց կազմել է 898 000 դրամ, առավելագույն արժեքը` 1 126 700 դրամ, նվազագույնը` 588 500։ Արաբկիրում 1 քմ–ի միջին գինը 637 300 դրամ է, Քանաքեռ–Զեյթունում` 426 700, Նոր Նորքում` 391 750, Էրեբունիում` 401 000, Շենգավիթում` 392 800, Դավթաշենում` 469 300, Աջափնյակում` 404 900, Մալաթիա–Սեբաստիայում` 385 200, Ավանում` 392 400, Նուբարաշենում` 227 600 դրամ։

Անդրանիկ Հարությունովը պաշտոնական վիճակագրությանը, սակայն, չի վստահում` նշելով, որ դրանում ներկայացված տվյալները հնացած են` շուրջ 3 տարվա վաղեմությամբ, քանի որ հիմնված են 3 տարի առաջ կնքված գործարքների վրա, որոնք ավարտական ակտ ու պետական գրանցում են ստացել այս տարվա սկզբում։

«Այսինքն` վիճակագրության մեջ երևում է 3 տարի առաջ վաճառված բնակարանը` 3 տարի առաջ վաճառված գնով։ Եվ այդ 3 տարի առաջ վաճառված բնակարանի գնով հաշվարկվում է այս տարվա միջին գինը։ Այնպես որ, այդ վիճակագրությանը հղում անելը անիմաստ է։ 3 տարի առաջ առաջնային շուկայում հնարավոր էր բնակարան ձեռք բերել քառակուսի մետրը 600 000 դրամով։ Եվ այդ շենքը հնարավոր է՝ շահագործման է հանձնվել այս տարի։ Այդ 600 000–ը եկել 1 200 000–անոց բնակարանների գների հետ խառնվել է, ձևավորվել է 800 000 դրամ միջին գին»,– պարզաբանում է փորձագետը։

Շուկայում իրական գների մասին պատկերացում կազմելու համար մասնագետներն իրենք էլ առաջնորդվում են ներկա պահին վաճառքի ռեալ գների ուսումնասիրությամբ։

Ըստ այդմ, Երևանի ծայրամասերում այսօր նոր կառուցվող շենքերում բնակարան հնարավոր է ձեռք բերել 1 քմ–ը սկսած 380 000 դրամից, արդեն կառուցված ու շահագործման հանձնված շենքերում` սկսած 600 000 դրամից։ Իսկ Երևանի Կենտրոնում նորակառույց շենքում բնակարանի արժեքը 1 քմ–ի համար կազմում է 2 300 000 դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Երևանի կենտրոնում նորակառույց շենքում բնակարանների գները մեկ քառակուսի մետրի համար տատանվել են 560 000-ից մինչև 2 780 000 դրամ, Արաբկիրում ՝ 480 000–ից մինչև 1,1 մլն դրամ, Դավթաշենում ՝ 420-ից 750 հազար դրամ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին

Արմավիրում հողի շերտի տակից ծիսապաշտամունքային բացառիկ համալիր է հայտնաբերվել

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

«Ինձ ձեր ամուսինները պետք չեն, հանգստացեք, ես միայն տղամարդկանց համար չեմ պարում». Լիլիթ Բաբայան

Բնակարանների գերարժևորված գները Երևանում սկսում են կարգավորվել. Անդրանիկ Հարությունով

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու լայնածավալ գործողություն սկսելու մասին

Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը

Գրիգորյանն ու Փեզեշքյանն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները

Արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. Փեզեշքիան

Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակել

ԱՄՆ-ին հաջողվել է մերձեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները. Ուիթկոֆ

Պшյթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. վնասվել են մի քանի գերեզմանաքարեր

Բրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում

Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու համար. Պուտին