Սլովակիան դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթի ընդունումը։ Այս մասին հայտնել է TASR գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարությանը։
Հուլիսի 4-ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում Սլովակիայի ներկայացուցիչները կրկին անհամաձայնություն են հայտնել պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները:
Սլովակիայի կառավարությունն ակնկալում է հստակ երաշխիքներ՝ կապված RePowerEU ծրագրի հետ, որը նախատեսում է Եվրամիության ամբողջական հրաժարումը ռուսական գազից մինչև 2028 թվականը։ Բրատիսլավայում վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքների ծրագիրը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։
«Սլովակիայի Հանրապետությունն ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, Եվրամիությանն առընթեր անդամ պետությունների դեսպանների մակարդակով կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը»,-ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ նախարարությունը նշել է, որ Սլովակիան պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Եվրոպական հանձնաժողովի հետ, սակայն ներկայիս բանակցությունները դեռ չեն փարատել RePowerEU ծրագրի շրջանակում գոյություն ունեցող հիմնական մտահոգությունները։