Թեհրանում անցկացվող Միջազգային երկխոսության համաժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը գոյություն չունի։ Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։
«Ոչ մի միջանցքի մասին խոսք չկա։ Մենք խոսում ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության հաստատման և զարգացման ուղիներ գտնելու մասին»,- ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ Նա արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ, քննարկել նրանց հետ երկկողմ հարաբերությունների ներկա կարգավիճակը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։