Ուրբաթ օրը Թուրքիայի հյուսիս-արևելքում այս սեզոնի համար հազվադեպ ուժեղ ձյուն է տեղացել, մինչ երկրի այլ շրջանները պայքարում էին անտառային հրդեհների աճող թվի դեմ, հայտնում է AFP-ն։
Ըստ փորձագետների, մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ավելի հաճախակի և ինտենսիվ եղանակային էքստրեմալ երևույթների՝ երաշտից մինչև սաստիկ շոգեր ու կարկուտ։
Ջերմաստիճանը կտրուկ նվազել է Ռիզեի լեռնային շրջաններում։ Ռիզեն քաղաք է Թուրքիայի սևծովյան հյուսիսարևելյան ափին, Վրաստանի հետ սահմանից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա։ Ռիզեից լրագրող Գենչագա Կարաֆազլիօղլուն ասել է, որ նախկինում երբեք հուլիսին ձյուն չի տեսել։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ծովի մակարդակից մոտ 2500 մետր բարձրության վրա գտնվող Օվիթ-Յայլասի սարահարթի դաշտերը ձյան տեղումներից հետո պատվել սպիտակ շերտով։
Ձյունը ծածկել է առնվազն 100 կիլոմետր տարածք՝ Անզեր Յայլասիից մինչև Քաչքարի լեռների ազգային պարկ և դրանից այն կողմ։
Ամենաշատը տուժել է Արդվինը, որը գտնվում է ափից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։