ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ են իրականացվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և արցախցիների հետ քննարկումների արդյունքում մշակել են մի շարք բարեփոխումներ և սահմանել են նոր սահմանակարգեր։
Նրա խոսքով` այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3–5 մլն դրամ` կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերում կամ կառուցում անշարժ գույքը։
Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ. այս պահին գործող ցանկում ներառված են 57 համայնքի 452 բնակավայր, որն կընդլայնվի մինչև 611 բնակավայր։
«Ծրագիրն, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար` անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրի դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թ. դեկտեմբերի 31–ը (նախկին կարգով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն էր)»,– տեղեկացրեց նախարարը։
Մկրտչյանի խոսքով` կստեղծվի նաև միջգերտեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ծրագրին դիմած ու շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերը։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել էր, սակայն արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունում որոշվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգել (մայիս, հունիս)։