Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ 745 խաղաղ բնակիչներից բացի, որոնք հիմնականում զոհվել են զանգվածային սպանությունների ժամանակ, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից և Ասադի 148 կողմնակից:
Ալավիական գյուղերի և փոքր քաղաքների բնակիչները պատմել են, որ զինյալները փողոցներում կամ իրենց տների դարպասների մոտ գնդակահարել են ալավիներին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել: Բազմաթիվ տներ թալանվել են, տեղի են ունեցել զանգվածային հրկիզումներ: Լաթաքիա քաղաքի շրջակայքի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունն ու խմելու ջուրը։
Բռնությունից ամենաշատ տուժած քաղաքներից մեկի՝ Բանիյասի բնակիչները պատմել են, որ դիակները թափված են եղել փողոցներում կամ անթաղ մնացել են տներում և տանիքների վրա, և գրոհայինները չեն թողել, որ նրանց վերցնեն և թաղեն:
Սիրիայի պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության չներկայացված պաշտոնյային, հաղորդում է, որ կառավարական ուժերն իրենց հսկողության տակ են առել Ասադի կողմնակիցներից ազատագրված տարածքների մեծ մասը:
Լրատվամիջոցի տվյալներով, իշխանությունները փակել են ծովափնյա շրջան տանող բոլոր ճանապարհները՝ «խախտումները կանխելու և կայունությունը աստիճանաբար վերականգնելու համար»։
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
«Ես պետք է ընդգծեմ խորհրդարանի լիակատար պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի՝ երկրի խնդիրների լուծմանը նվիրված ռազմավարությունները և նրա իմաստուն հանձնարարականները: Այաթոլլա Խամենեին ընդգծել է տնտեսական և կենսապահովման խնդիրների լուծման առաջնահերթությունը և միանշանակ հայտարարել, որ պետական կառույցների հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի մարդկանց կենսապահովման խնդիրների լուծմանը։ Ուստի, խորհրդարանի և օրենսդիրների ուշադրության կենտրոնում կլինեն կենսապահովման խնդիրները, և մենք պետական կառույցների միջև համախմբվածության պահպանումն այդ ջանքերի հաջողության պայման ենք համարում»,- ընդգծել է Ղալիբաֆը խորհրդարանի նիստի ժամանակ:Նա նշել է, որ
Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ձգտում է պարտադրել իր պահանջները և զինաթափել Իրանին, ինչպես նշված է նրա ստորագրած ԱՄՆ քաղաքականության փաստաթղթում։
«Այսօր, ավելի քան երբևէ, պարզ է, որ պատժամիջոցների վերացումը հնարավոր է Իրանի ուժեղացմամբ և պատժամիջոցների չեզոքացմամբ։ Ուստի մենք ԱՄՆ-ից նամակներ չենք ակնկալում և կարծում ենք, որ օգտագործելով մեր հսկայական ներուժը և օգտվելով այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների ընդլայնման հնարավորություններից՝ կարող ենք հասնել մի դրության, որի դեպքում հակառակորդն այլ ելք չի ունենա, քան հանելու պատժամիջոցները»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնվեն բանակցությունների։
Մարտի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Երևան քաղաքում՝
Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը, 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա շաբաթ կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բացի ՌԴ նախագահի հետ հանդիպումից, Լուկաշենկոն ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն կունենա։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հետաքրքրվում խաղաղությամբ, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Ըստ Կալլասի՝ Ուկրաինայի խաղաղ բնակիչները շարունակում են կրել պատերազմի ծանր հետևանքները։
«Ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա՝ բերելով ավելի ու ավելի շատ մահեր և ավերածություններ։ Պուտինը կրկին ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղությամբ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ կվճարեն ամենաբարձր գինը»,-գրել է Կալլասը:
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան աջակցել են Գազայի հատվածի վերականգնման արաբական ծրագրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ն։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունեցել Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով։ Արդյունքում՝ մասնակիցները հավանություն են տվել Գազայի հատվածի վերականգնման համար Եգիպտոսի մշակած ծրագրին, որը ենթադրում է պաղեստինցի ժողովրդի ներկայության պահպանում իրենց հողերում։ Ծրագիրը բաղկացած է երեք փուլից, առաջինը՝ իրենց տները կորցրած պաղեստինցիներին ժամանակավոր կացարաններ տրամադրելն է։
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներս, ողջունում ենք Գազայի վերականգնման ծրագրի արաբական նախաձեռնությունը: Ծրագիրը նախանշում է Գազայի վերականգնման իրատեսական ուղին և խոստանում է, որ իրագործվի պաղեստինցիների աղետալի կենսապայմանների արագ և կայուն բարելավում»,-ասված է հայտարարության մեջ:
Նախարարները նշել են, որ վերակառուցման և վերականգնման ջանքերը պետք է խարսխված լինեն ամուր քաղաքական և անվտանգության հիմքի վրա, որն ընդունելի է ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար՝ դրանով իսկ երաշխավորելով երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն:
Սիրիայում 2 հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը։
Հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները Լաթաքիայում կրակոցների զոհ են դարձել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցի իր էջում։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն այժմ բացարձակապես ջարդում է Ուկրաինան մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի նկատմամբ զանգվածային բանկային սանկցիաների և մաքսատուրքերի մասին՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ Դիմում եմ Ռուսաստանին և Ուկրաինային՝ անհապաղ նստեք բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ուշ չէ»,- գրել է նա:
Ամերիկյան Fox Business-ը հաղորդում, որ ԱՄՆ-ի կողմից կանադական ապրանքների վրա սահմանված 25 տոկոս մաքսատուրքերից հետո Թրամփի և Թրյուդոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը թեժ է անցել։
Ըստ լրատվականի՝ կողմերը օգտագործել են ոչ նորմալ բառապաշար՝ միմյանց հասցեին օգտագործելով նաև հայհոյանքներ։
Հեռախոսազրույցից հետո կողմերը լավատեություն չեն հայտնել համաձայնության հասնելու շուրջ։ Թրյուդոն նշել է, որ մոտ ապագայում սակագների պատերազմը կշարունակվի, իսկ Թրամփն իր հերթին ընդգծել է, որ Թրյուդոյի ջանքերը «բավականաչափ արդյունավետ չեն» մաքսատուրքերի սահմանումը կանխելու համար:
Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված տվյալներին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար և ոչ էլ 500 միլիարդ դոլար: Այդ գումարի երկու երրորդը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, և այդ գումարի երկու երրորդն ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները», – ասել է նա ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։
Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևն ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ «ուղղակի ֆինանսական օգնություն»:
Գերմանիայի Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան 2022 թ. հունվարի 24-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ն ԱՄՆ-ից ստացել է 114,2 միլիարդ եվրո (ավելի քան 123 միլիարդ դոլար) օգնություն, իսկ Եվրոպան տրամադրել է 132,3 միլիարդ եվրոյի (ավելի քան 143 միլիարդ դոլար) օգնություն: