Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Բրազիլ պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է.
«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։
Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։
Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։
Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։
Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։
Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։
Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։
Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է.
«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլ երկկողմ հարաբերություններին։
Հարց. Բրազիլի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում դուք խոսել եք առևտրային հարաբերությունների մասին և քննարկումներ եք ունեցել կլիմայի հարցերի շուրջ: Ինչպե՞ս անցավ այցը:
Նախարար Միրզոյան. Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս այցին, քանի որ բավականին երկար ժամանակ փոխադարձ այցեր չէին եղել: Ունենք որոշում ակտիվացնել մեր քաղաքական երկխոսությունը Բրազիլի հետ:
Մենք ունենք շատ հաջողված և փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում: Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, երբ և որտեղ հնարավոր է:
Մենք ունենք գրեթե նույն տեսլականը գլոբալ կառավարման և միջազգային հարաբերությունների համակարգի բարեփոխման վերաբերյալ, քանի որ տեսնում ենք, որ ներկայիս համակարգը պատշաճ կերպով չի գործում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վաղ նախազգուշացման մեխանիզմներին կամ լուրջ խախտումների և զանգվածային բռնությունների կանխարգելմանը:
Բրազիլը կհյուրընկալի COP30-ը, իսկ Հայաստանը՝ կենսաբազմազանության COP17-ը (2026 թվականին): Մենք գնահատում ենք Բրազիլից ստացած աջակցությունն ընտրությունների ժամանակ: Այս երկու իրադարձությունները, բնականաբար, մեզ ավելի են մոտեցնում: Մենք նաև մտադիր ենք կազմակերպել և իրականացնել որոշ համատեղ միջոցառումներ:
Հարց. Որոնք են ձեր սպասումները COP30-ից:
Նախարար Միրզոյան. «Այս պահին դժվար է ասել: Բայց ինչ կարող եմ հաստատել, այն է, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես Գլոբալ Հարավի կարիքներին:
Կարծում եմ, որ, ըստ տարբեր գնահատականների, այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-ներում»։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերը շարունակվում են աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Թուրքիայում, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Մարտի 19-ից, երբ Իմամօղլուն կալանավորվեց, բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անգլիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Իսպանիայում։
Որոշ երկրներում մարտի 23-ին կիրակի օրը նախատեսված են ակցիաների և երթերի կոչեր։
Լոնդոնում առաջին ցույցը տեղի է ունեցել մարտի 20-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Ամբոխը սեւ ծաղկեպսակներ է դրել դեսպանատան շենքի առջեւ եւ բողոքել Իմամօղլուի կալանավորման դեմ։
Մարտի 22-ին Թրաֆալգար հրապարակում տեղի ունեցավ ցույց, որի ընթացքում կոչեր արվեցին մոտ 30 քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։
Ավելի քան հազար մարդ հրապարակից երթով շարժվել է դեպի վարչապետի շենք։
Հարյուրավոր մարդիկ միացել են Ամստերդամում երթին՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իտալիայի քաղաքներում՝ Հռոմում և Միլանում։
Իսպանիայում Իմամօղլուի կալանավորումը բողոքի ցույցեր է առաջացրել Բարսելոնայում և Մադրիդում թուրքական հյուպատոսությունների մոտ։
Որոշման ընդունումից անմիջապես հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայի Բեռլին, Շտուտգարտ, Ֆրանկֆուրտ և Մյունխեն քաղաքներում։
Բեռլինում հարյուրավոր մարդիկ երթով շարժվել են դեպի հայտնի Բրանդենբուրգյան դարպասներ։
Կիրակի օրը՝ մարտի 23-ին, նախատեսվում են հանրահավաքներ Նյու Յորքում և Բրյուսելում։
Կանադայում մարտի 22-ին Օտտավայում և Մոնրեալի պառլամենտի շենքերից դուրս գործողությունների կոչեր են հնչել, իսկ կիրակի օրը նախատեսվում է Տորոնտոյում և Վանկուվերում:
Հոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում:
Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե մարդը չի դիմանում ձանձրույթին, չի կարողանում իրեն զբաղեցնել ինչ-որ հետաքրքիր բաներով, նա սովորելու կամ առօրյա խնդիրներ լուծելու պահերին կհանձնվի, չի պայքարի ու արդյունքի էլ չի հասնի, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Դմիտրիևան։
Նա նաև ավելացրել է, որ մարդը, ով չի կարող պայքարել ձանձրույթի դեմ, չի կարողանա կայուն կարիերա կառուցել արագ այրման պատճառով:
Նրա հնարավորություններից դուրս կլինեն նաեւ երկարաժամկետ անձնական հարաբերությունները։
«Առողջ, կայուն հարաբերությունները կնյարդայնացնեն նրան: Որովհետև առողջ հարաբերությունները ձանձրալի կթվան»,- բացատրել է Դմիտրիևան:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ:
Դիտարկենք բողոքի դուրս եկածների կազմը:
Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր մեզ համար:
Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է (օրինաչափորեն):
Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից: Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանիշը` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստը:
Սա ևս մեկ վկայությունն է նրա, որ Թուրքիայի հասարակությունում (իսլամական) ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Շարունակում ենք հետևել»:
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է․
«Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի և շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին: Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:
Ըստ Գյուլի՝ մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի, և որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության և բանաձևերի միջոցով, և նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։
«Հիշենք, թե ինչպես հանրային խիղճն չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»,- ընդգծել է Գյուլը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ո՞վ է կատարյալ ղեկավարը:
Հաննիբալին հաղթող, Հռոմի կոնսուլներից հանիրավի աքսորված Սքիպիոնը չէ նա, ով մեռնելով աղքատության մեջ, կտակում է գրել իր գերեզմանաքարի վրա` «Ապերախտ հայրենիք,դու տեր պիտի չլինես իմ ոսկորներին»:
Կատարյալ ղեկավարը Հելլադայի մեծ ռազմավարներից Ֆոկիոնն է, որը հանիրավի մահվան դատապարտված,թույնը խմելուց առաջ ասում է որդուն.
«Հանձնարարում եմ քեզ ծառայել հայրենիքիդ սրտանց, եւ, ամենագլխավորը, մոռանալ, որ իմ ծառայության համար նա ինձ վարձատրեց մահվամբ»:
Գարեգին Նժդեհ»։
Այս գիշեր՝ մարտի 22-ին, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:
«Հետքի» տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել:
Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ մարտի 22-ին՝ ժամը 2։08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդու։ Հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։ Ոստիկանները պարզել են, որ նախնական տվյալներով մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների գոտում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ բանակցությունները ընթանում են «հենց հիմա»։ Այդ մասին նա ասել է լրագրողներին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։ Թրամփի ելույթը հեռարձակել է Fox News-ը։
«Կարծում եմ՝ շատ շուտով կհասնենք լիակատար հրադադարի, որից հետո կլինի համաձայնագիր։ Այդ հարցը հիմա է քննարկվում՝ խոսքը տարածքների բաժանման և այլնի մասին է»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն իսկ հրադադար է հաստատվել։ «Այս պահի դրությամբ ամեն ինչ բավականին լավ է պահպանվում»,-նշել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հիմքերը դրվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների արդյունքում։
«Պետք է ասեմ, որ շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ։ Կարծում եմ՝ մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները, հուսով եմ՝ դրանք իսկապես գոյություն ունեն»,-ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ ուշ երեկոյան իր հուշագրում հրահանգել է դաշնային գործակալություններին չեղարկել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը։
«Ես որոշել եմ, որ այլևս չի բխում ազգային շահերից, որպեսզի ստորև նշված անձինք հասանելի լինեն գաղտնի տեղեկատվությանը», – ասել է Թրամփը հուշագրում, գրում է CNN-ը:
«Ես սույնով հրահանգում եմ յուրաքանչյուր գործադիր վարչության և գործակալության ղեկավարի ձեռնարկել բոլոր լրացուցիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ են՝ չեղյալ համարելու վերոնշյալ անձանց հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը»:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1993 թվականին մարտի 22-ը հռչակել է Ջրի համաշխարհային օր։ Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ «Սառցադաշտերի պահպանումը»։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ սառցադաշտերը կենսական նշանակություն ունեն կյանքի համար. դրանց հալոցքային ջրերը կարևոր են խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, մաքուր էներգիայի արտադրության և առողջ էկոհամակարգերի համար: Սառցադաշտերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում: Արագ հալվող սառցադաշտերը անորոշություն են առաջացնում ջրային հոսքերի մեջ՝ խորը ազդեցություն թողնելով մարդկանց և մոլորակի վրա:
Կարևոր է ածխածնի արտանետումների գլոբալ կրճատումը, ինչը սառցադաշտերի հալքի պատճառ է դառնում։ Այս տարի Ջրի համաշխարհային օրվա նպատակն է միասին աշխատել կլիմայի փոփոխության և ջրի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի ծրագրերի հիմքում սառցադաշտերի պահպանումը դնելու համար:
«Վերջին 20 տարիների ընթացքում սառցադաշտերի զանգվածի կորուստը կրկնապատկվել է՝ պայմանավորված հիմնականում կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ: Եթե ընթացիկ միտումները պահպանվեն, ապա շատ սառցադաշտեր այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Անդերը և Հիմալայները, 2100 թվականին կարող են անհետանալ։
Սառցադաշտերում կուտակված է աշխարհի քաղցրահամ ջրի մոտ 70%-ը, ինչը նրանց դարձնում է Երկրի վրա քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանը։
Մոտավորապես 2 միլիարդ մարդ օգտագործում է սառցադաշտերից, ձնհալքից և լեռնային հոսքերից առաջացած ջուրը՝ խմելու, գյուղատնտեսության և էներգիայի արտադրության համար։
Սառցադաշտերի հալքի աճը զգալի ներդրում ունի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա. ներկայիս ծովի մակարդակը 20 սմ-ով ավելի բարձր է, քան 1900 թվականին էր։
Սառցադաշտերն իրենց գունային բաց մակերևույթի շնորհիվ անդրադարձնում են Արևի ճառագայթները, օգնում կարգավորել Երկրի ջերմաստիճանը: Նրանց հալքի հետևանքով այդ անդրադարձնող մակերեսը կրճատվում է, ինչը հանգեցնում է ջերմության կլանման ավելացմանը և արագացնում գլոբալ տաքացումը: Գլոբալ տաքացումը մինչև 1.5°C-ով սահմանափակելը կարող է պահպանել Համաշխարհային ժառանգության օբյեկտների սառցադաշտերի 2/3-ը»,- նշում են ՊՈԱԿ-ից:
ՄԱԿ-ը նախանշել է մի քանի ռազմավարություն՝ սառցադաշտերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու և հարմարվելու համար. Գլոբալ արտանետումների կրճատում, ջրային ռեսուրսների կառավարման ուժեղացում, խոցելի համայնքների համար հարմարվողականության պլանավորում, էկոհամակարգի վերականգնում և միջազգային համագործակցություն։