«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական բուժհաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից՝ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին: Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել, եւ, մեր տեղեկություններով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ:
Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական համքարության գնահատմամբ, աբսուրդ նշանակում է արել` վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը, առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագիրը, բացի այդ՝ կտրականապես մերժում էր քովիդի դեմ պատվաստումը, եթերից եթեր էր գնում՝ բարձրաձայնելով իր տեսակետը։
Բանն այն է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ձեւը պատվաստումներն են, եւ բժիշկները զարմացած են. «Ինչպե՞ս է նման ստրատեգիական կառույց ղեկավարելու մեկը, որը պատվաստումներին դեմ է, չի կիսում ոլորտում վարվող քաղաքականությունը»: Փորձեցինք պարզել նախարարի կարծիքը, մամուլի խոսնակը փոխանցեց․ «Պատվաստումներին եւ առողջապահական մեր քաղաքականությանը դեմ նրա արտահայտած մտքերին ծանոթ չեմ, կխնդրեմ կապ հաստատել պարոն Օհանյանի հետ եւ հարցադրումները նրան ուղղել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում