Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին ասված է ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.
զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վակ»,- նշված է գրառման մեջ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարևորել է ռուսաստանցի մասնագետների օգնությունը ռեկորդային կարճ ժամանակահատվածում Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում:
«Դժվար պահին Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց հեղեղումներից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա երկարատև խախտումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար», - ասել է նա լրագրողներին։
Օվերչուկն ընդգծել է, որ դա տեղի չունեցավ այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին:
Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները հայ գործընկերների հետ շուրջօրյա ռեժիմով աշխատել են բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղային հատվածները վերականգնելու համար։
«Առաջին փորձնական գնացքը վերականգնված երկաթգծով ճանապարհ է ընկել հունիսի 14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ։ Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ վերականգնված է», - եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։
168.am-ը գրում է․ Հունիսի 9-ին Ադրբեջանի բանակի զինծառայող էր անհետացել: Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։
Հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։
Հունիսի 13-ից հունիսի 14-ն ադրբեջանական կողմը մի քանի անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրել է նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչը ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել:
Իսկ հունիսի 14-ին արդեն ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Իսկ հունիսի 15-ին ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն իր հերթին հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է. «2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:
Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»: Այսինքն, քրեական վարույթը սպանության հատկանիշներով է: Արդյոք այդ սպանությունը հակառակորդի՞ց է, թե՞ ոչ հակառակորդի կրակից, ըստ էության, հստակ չէ, տեղ է թողնված:
Նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Ադրբեջանի զինվորական դատախազությունն իրենց զինվորի սպանության հետ կապված:
Ավելին, ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հունիսի 14-ին այս առնչությամբ նկատել է.
«Վերջերս ադրբեջանցի զինծառայող է զոհվել, նախաքննություն է դեռ ընթանում: Մենք տեղեկություն չունենք՝ ոչ մահվան հանգամանքների, ոչ էլ, թե ով է կրակել, բայց զինծառայողը զոհվել է և դա տեղի է ունեցել սահմանից ոչ այնքան հեռու: Եվ դա կարող է լինել հայկական գործողությունների արդյունք»:
Այս համատեքստում ադրբեջանցի քաղաքագետը հնարավոր ագրեսիայի և լարվածության մեղադրական սլաքն ուղղում է ոչ թե Փաշինյանի, այլ ՀՀ զինված ուժերի ուղղությամբ: Ըստ Մուսաբեկովի, «ՀՀ բանակում կան կոնկրետ ուժեր, որոնք հետաքրքրված են սահմանին իրավիճակի ապակայունացմամբ»:
«Նրանց մոտ սահմանին կան շատ զինծառայողներ, որոնք նախկին ռազմական գործողությունների մասնակից են»,- շեշտել է նա:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցի քաղաքագետը նկատի ունի և՛ ՀՀ զինված ուժերում ծառայող պատերազմով անցած հրամանատարներին, և՛ սահմանին մարտական հերթապահություն իրականացնող երկրապահներին, կամավորականներին:
Մի բան հստակ է՝ սա վտանգավոր հայտարարություն է, և ոչինչ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններում և մեղադրանքներում ագրեսիայի հիմք չի տեսնում:
Ավելին, նա ԱԺում հայտարարել է.
«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներն ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, անգամ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահրված չեն․ զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր տվել իր դիրքերը:
Ռազմինֆոն, մասնավորապես, գրել էր.
«Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Գյունուտ) գյուղի ուղղություններով:
…Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում»:
Չմոռանանք, որ Երասխից զորքի հետքաշման և Տիգրանաշենի հանձնման հարց կա օրակարգում:
Սպասենք, թե ավելի ուշ ինչ կպարզվի կամ ինչ վերջնական կհայտարարեն հայկական և ադրբեջանական կողմերն իրենց զինծառայողների սպանության դեպքերով:
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը լուրջ չէ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հետագա համաժողովներին պետք է ներկայացված լինի նաև Ռուսաստանը, և Շվեյցարիայի համաժողովը պետք է հիմք ստեղծի ապագա շփումների համար։
Շոլցը նաև հայտարարել է, որ չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ և հետո:
«Ես միշտ ասել եմ, որ նորից դա կանեմ, սակայն դրա համար հարմար պահ է պետք, պետք է քննարկման առարկա լինի, որպեսզի դա իմաստ ունենա»,- ասել է Շոլցը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սյունիք:
Փաշինյանը այնտեղ է լինելու մինչեւ երկուշաբթի:
Մեր տեղեկություններով՝ այցելելու է Կապան, Գորիս, Քաջարան, չի բացառվում նաեւ Մեղրի:
Փաշինյանի այցից առաջ ոստիկանության զորք ու ԱԱԾ աշխատակիցներ են մեկնել Սյունիք՝ վերջինիս անվտանգությունը ապահովելու համար:
«Այստեղ ոչ մի ընտրություն չկա. սա խաղ է, որն ուղղված է տարածաշրջանում PKK ահաբեկչական կազմակերպության օրինականացմանը»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G7-ի գագաթնաժողովից հետո Իտալիայից վերադարձի ճանապարհին։
Նա հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա «ահաբեկչական պետության» ստեղծումը Սիրիայի հյուսիսում։
«Նախորդ գործընթացներում մենք արդեն հստակ ցույց ենք տվել, թե որքան հմտորեն ենք կարողանում ոչնչացնել նման ծրագրերը։
Իհարկե, Սիրիայի կառավարությունը նույնպես թույլ չի տա նրանց ազատ գործել։
Մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում էր։
Այնտեղ նա այդ հարցերը մանրամասն քննարկել է Պուտինի հետ։ Նա հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովի հետ։
Հուսով եմ՝ ահաբեկչական PKK-ն և մյուսները չեն կարողանա ազատորեն գործել Սիրիայում։
Եթե նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտության դեպքում մեր ստորաբաժանումները կմոբիլիզացնենք։
Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի»,- ասել է Էրդողանը։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրառումը․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։
Ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի»։
Աղբյուրը`
Եսայի Քարամյանը հունիսի 12-ին ոստիկանության կիրառած նռնակի հետևանքով կորցրել է մի ձեռքի դաստակն ամբողջությամբ:
«Հրապարակի» հետ զրույցում 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Եսայի Քարամյանը ծառայել է Եղնիկների մոտակայքում գտնվող Տոնաշեն գյուղի դիրքերում:
«Ցույցը սկսվելուց համարյա ամբողջ ժամանակ տարածքում եմ եղել, մեկումեջ հեռացել ենք ջուր խմելու կամ հովին կանգնելու, բայց գրեթե ամբողջ ժամանակ տեղում ենք եղել: Երբ սրվեց վիճակը ոստիկանները սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել, ես Բաղրամյան փողոցում էի, ոչ թե այն հատվածում, որտեղ պայթյունը եղավ, այլ հենց փողոցի մեջտեղում: Երբ սկսեցին ոստիկանները նռնակներ նետել, մարդկանց գոռոցներ լսվեց, վիրավոր մարդու ձայնի նման էր, ենթադրեցի, որ մարդիկ կան, որ վիրավորվել են, միանգամից մարդկանց արանքը ճղելով, փորձեցի հասնեմ այնտեղ՝ հասկանամ ինչ է կատարվում: Ինչ-որ մեկին կարելի՞ է օգնել, թե ոչ, որովհետև շատ էին պայթյունները՝ մեկ կամ երկու անգամ չէին ու ձայներն էլ այնքան շատ էին ու այն կարգի ձայներ էին, որ ենթադրեցի առնվազն վիրավորներ կան՝ վիրավոր մարդու ձայնը ես տարբերում եմ ուղղակի ջղայնացած մարդու ձայնից: Մտա այդ հատված, այդ ընթացքում ինձանից բառացիորեն մեկ, երկու մետրի վրա՝ նույնիսկ ավելի մոտ, մի չորս-հինգ հատ պայթեցին կողքս, այդ հեռավորության վրա, որ պայթում է, չգիտեմ նկատել եք, թե չէ, ահավոր ձայն է լինում, մի քանի պայթյունից հետո, հիմա որ հիշում եմ, մի պահ ինձ կորցրել էի, չէի կարողանում տարբերակել, հասկանալ վերևը որն է, ներքևը որն է, կողքը որտեղ է, կանտուզիա վիճակ էր: Շատ մոտիկ էր պայթյունը ու ինչ-որ բան գլորվեց ոտքերիս տակ… նայեցի ինչ-որ սև, կլոր բան էր, ինձ թվաց այդ պայթած նռնակներից ինչ-որ մեկի բեկորն էր, որովհետև չափերով փոքր էր, չմտածեցի, որ կարող է նռնակ լինի, մտածեցի դրա ինչ-որ մի մասն է, ուղղակի գլորվեց, հիմարություն արեցի, որ վերցրի այդ քաոտիկ վիճակում, որ շպրտեմ մարդկանցից հեռու, որտեղ մարդ չկար կանգնած: Որևէ մարդու ուղղությամբ նետելու ոչ ցանկություն է եղել, ոչ մտադրություն, այդ պահին բնազդաբար են եղել գործողությունները: Այն պահին, որ ուզում էի շպրտել, մի այնպիսի պայթյուն եղավ հենց ձեռքիս մեջ, այնպիսի մի ուժ խփեց դեմքիս, աչքերիս, որ մտածեցի, որ մեռնելը սա է», – ասաց Քարամյանը:
Մի քանի վայրկյան անց ուշքի գալով, տեսնելով ձեռքի վիճակը, հասկացել է, որ շատ վատ բան է կատարվել: Պայթյունների վայր էր շտապել, որ վիրավորներին հանի, արդյունքում իրեն էին քաշել ու դուրս բերել:
Իշխանական քարոզիչներն ու լրատվամիջոցներն էլ փորձում են այնպես ներկայացնել, իբր Եսայի Քարամյանը ոստիկանների ուղղությամբ է փորձել հետ շպրտել նռնակը, ինչին Եսային պատասխանում է, որ նմաններին մարդ էլ չի ուզում անվանել՝ «Իրենք ուղղակի հիմար են, որովհետև, եթե ես նման մտադրություն ունենայի, այնտեղ գնալուց հետո չեմ ասում պայթուցիկ, բայց մի բան վերցրած կլինեի՝ մի քար, երկաթի կտոր և այլն, բայց նման բան ինձ մոտ չի եղել, ոչ էլ նման բան անելու մտադրություն է եղել: Իրենց խղճին թող մնա՝ ես նման մարդկանց մարդ չեմ համարում»։
Քարամյանը պատմում է, որ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, թող տեսագրությունները հանեն ու փորձեն մի կադր գտնել, որ ինքը ինչ-որ մարդկանց ուղղությամբ բան է փորձում շպրտել: Բացի, այդ, նշում է, որ հիվանդանոցում իր գրպանից հանել են մետրոյի մեկ ժետոն, ձեռքերը մարզելու համար ռեզին և տան բանալիները:
«Եթե ինչ-որ բան հետս տանեի շպրտելու համար, չէի սպասի, որ բախումներ սկսվեին՝ ինքս առաջինը կշպրտեի»,-ասում է վիրավորում ստացածը:
«Պատերազմի դաշտից առանց քերծվածքի եկել, հասել եմ այստեղ, ու այն վիրավորումը, որ այնտեղ կարող էի ստանալ՝ ստացել եմ այստեղ: Վիրավորական է, ոչ այն է խնդաս, ոչ այն է՝ լացես», - ասաց Եսային:
Հարցրինք, զղջո՞ւմ է, որ հենց այդ օրը գնացել է ցույցի, ասաց, որ ոչ, բացարձակ: Եթե առողջական վիճակը թույլ տա, անպայման կգնա ցույցի:
Անդրադառնալով միջադեպի իրավական կողմին, Քարամյանը նշեց, որ դեպքի հաջորդ օրն իրենց է այցելել քննիչը, ինքն ասել է, որ ոչ մի ակնկալիք չունի քննությունից, բայց ամբողջովին ներկայացրել է եղելությունը:
Ասեցի, որ ինձ ոչ ոք չի խփել, ես էլ ոչ ոքի չեմ խփել, այլ մտադրությամբ այնտեղ չեմ գնացել, միանշանակ ոստիկանների կողմից են շպրտել, տեսել եմ, որ ուղղությունից է գլորվում դեպի ինձ, բայց չեմ տեսել ով է շպրտել, որովհետև բազամթիվ մարդիկ կային»,-ասաց Եսային:
Քրեական գործ է հարուցվել այսօր արդեն երկրորդ օրն է վերջանում, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը չի այցելել իրեն, ոչ էլ դատական բժիշկը:
«Քննիչի հետ գոնե դատական բժիշկը պիտի գար՝ ֆիքսելու համար վնասվածքները․ երևի սպասում են, վնասվածքները լավանա, գան ու տեղում արձանագրեն՝ ոչ մի բան չկա, նորմալ, առողջ տղա է: Իսկ եթե ՄԻՊ-ը գար էլ, դռնից դուրս կհրավիրեի, դե Առողջապահության նախարարան էլ որքանով հասկացա, չեմ կարողանում ձեռքիս բան բռնել, լսեցի, ոստիկանության գործողությունները պարզաջրել է»,-ասաց Եսային:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը Եսային ասաց, որ հույս ունի, որ ՀՀ-ում ներկայացված պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները մոնիթորինգ իրականացնում են և մի հարց բարձրաձայնեց․ «Նույն ձև, նույն բառապաշարով նույն գնահատականը տվե՞լ են ինչ 2008 թվականի մարտի 1 ցույցին էին տալիս, որովհետև ես դա իմ աչքով եմ տեսել՝ դա խաղաղ ցույց չէր: Այն ժամանակ ոչ ոք ոչ ոքի վրա վառվող նյութեր, քարեր, արմատուրայի կտորներ չէր շպրտում: ԻՆձ համար դեռ 2008 թվականի մարտի 1-ից էր պարզ, թե սրանք ովքեր են և դեպի ուր է գնալու այս ամենը: Իսկ այդ ոստիկանությունը՝ «բարեփոխված», այսպես ասեմ, ինքն ընդամնեը ներքին կազմակերպված բանդա-գվարդիա է, որոնց միակ նպատակն այս մարդկանց իշխանության պահելն է: Իսկ կոնկրետ ԱՄՆ դեսպանատան գնահատականը 2008 թվականի մարտի 1-ի մասով ինչ գնահատական է տվել, կարծում եմ, շատ մարդիկ կհասկանան, թե այս պղտոր ջուրը որտեղից է գալիս»,-ասաց Եսայի Քարամյանը:
Պայքարի սիրելի ընկերներ
Կրկին գործ ունենք անելու։ Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։
Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։
Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եվ ուրեմն, հունիսի 17, ժ.18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։
Խնդրում ենք տարածել հավաքի մասին տեղեկությունը։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք
Մանրամասները՝ տեսանյութում