Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Ռուսաստանն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը»,- այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Աֆրիկայում կա Աֆրիկյան միություն, որը միավորում է աֆրիկյան բոլոր երկրները։ Լատինական Ամերիկայում կա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների համագործակցություն, որը նույնպես համամայրցամաքային կազմակերպություն է։ Իսկ Եվրասիայում նման կազմակերպություն չկա»,- ասել է նա։
Լավրովը նաև հավելել է` կա ԵԱՀԿ-ն, որը կառուցված է եվրաատլանտյան հայեցակարգի հիման վրա, կան նաև բազմաթիվ ենթատարածաշրջանային կառույցներ, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (АСЕАН) և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը։
«Սակայն գոյություն չունի միասնական կազմակերպություն, որտեղ ներկայացված կլինեն միմյանց հարևանությամբ գտնվող մայրցամաքի բոլոր երկրները։ Ուստի մենք առաջ կմղենք այն հայեցակարգը, որի մասին խոսել է ՌԴ նախագահը: Արդեն սկսել ենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Նոր պայմանագրեր ենք կնքում մեր հարևանների հետ և կապեր զարգացնում նրանց միավորումների հետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն ինտենսիվ քաղաքական երկխոսություն է վարում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ գործընկերների հետ։
Ավելի վաղ՝ 2024 թվականի ամռանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Եվրասիայում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր համակարգ՝ առանց արտաքին ուժերի ներկայության։
«Եկել է ժամանակը սկսելու Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի լայն քննարկում։ Միևնույն ժամանակ, ապագայում մենք պետք է աշխատենք եվրասիական տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայության աստիճանական կրճատման ուղղությամբ»,- ասել էր ՌԴ նախագահը։
Վերջինս հստակեցրել էր՝ Եվրասիայի երկրներն ու տարածաշրջաններն իրենք պետք է որոշեն համագործակցության ոլորտները համատեղ անվտանգության ոլորտում, կառուցեն աշխատանքային ինստիտուտների, մեխանիզմների և համաձայնագրերի համակարգ։ Ինչպես ընդգծել էր Պուտինը, կարևոր է ելնել այն փաստից, որ անվտանգության ապագա ճարտարապետությունը բաց է բոլոր եվրասիական երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել դրա ստեղծմանը։
«Բոլորի համար ասվածը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները՝ նույնպես: Մենք ապրում ենք նույն մայրցամաքում, ինչ էլ որ լինի, մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, այս կամ այն կերպ պետք է գոյակցենք և միասին աշխատենք»,- ասել էր ՌԴ նախագահը։
2025 թվականի հունվարի 24-ին էլ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել էր, թե այժմ անցում է կատարվում իր դարն ապրող, միաբևեռ աշխարհակարգից՝ դեպի նոր աշխարհակարգ։
Ըստ նրա, Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը թույլ կտա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։
«Արևմտյան դաշինքն այլևս միակ ուժային կենտրոնը չէ։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետություն-քաղաքակրթություն Ռուսաստան, արաբական պետությունների բավականին հզոր դաշինք և այլ ուժեր: Եվ ընդհանրապես Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ձևավորվում, որը կկարողանա ապահովել կայունություն՝ ինչպես եվրասիական մեծ մայրցամաքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում»,- ասել էր Նարիշկինը։
Փետրվարին բրիտանական Financial Times-ն անդրադարձել էր Մոսկվայի այս մայրցամաքային ծրագրերին, նշելով՝ Ռուսաստանը մակրոտարածաշրջանի ստեղծումը դիտարկում է որպես ռազմավարական երկարաժամկետ նախագիծ, որը կարող է գոյատևել Ուկրաինայի հարցով Արևմուտքի հետ ցանկացած բանակցություններ և կամրապնդի իր դիրքերը համաշխարհային հարթակում։
Լրատվամիջոցը մեջբերել էր 2024 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ներկայացված կառավարական հաշվետվությունը, որում ասվում է, որ Մոսկվան մտադիր է ստեղծել նոր մակրոշրջան՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունները և գլոբալ հարավի երկրները, որպեսզի այնտեղ հաստատի իր տնտեսական կանոններն ու պատժամիջոցների ռեժիմը։
Կրեմլի ծրագրի համաձայն՝ նոր առևտրային բլոկը Ռուսաստանը կապելու է գլոբալ հարավի հետ՝ ապահովելով հումքի հասանելիություն, զարգացնելով ֆինանսական և տրանսպորտային կապերը և ձևավորելով ընդհանուր աշխարհայացք: «Մենք կգրենք նոր աշխարհի կանոնները և կիրականացնենք մեր պատժամիջոցային քաղաքականությունը»,- ասված էր զեկույցում։ «Մոսկվան հույս ունի, որ դաշինքը կօգնի վերականգնել իր մուտքը համաշխարհային տնտեսություն և կմեծացնի մրցակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ»,- նշվում էր Financial Times-ի հոդվածում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուկրաինական գործարքի կնքումից հետո Ռուսաստանի Դաշնությունն ակնհայտորեն նոր թափով կսկսի անդրադառնալ իր ազդեցության գոտուն, կվերանայի ու կամրապնդի այն՝ զուգահեռաբար կյանքի կոչելով ավելի ազդեցիկ ու մեծ եվրասիական միություն ստեղծելու վաղեմի գաղափարը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով եվրասիական անվտանգության նոր ճարտարապետություն, մակրոտարածաշրջան ստեղծելու գաղափարներին, ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ վերջին տարիներին հաճախ են հնչում Եվրասիական տնտեսական միությունն ինքնաբավ մակրոռեգիոն դարձնելու մասին հայտարարություններ, սակայն նոր կազմակերպություն ստեղծելու մասին հայտարարությունը նշանակում է, որ առանձին բլոկ են ցանկանում ստեղծել։
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, նպատակն ավելի լայն գործառույթներով և ոլորտներով միավորում ստեղծելն է, որը կունենա անվտանգային և քաղաքական բաղադրիչներ, քանի որ ԵԱՏՄ-ն գործեց՝ որպես բացառապես տնտեսական միություն, իսկ ՀԱՊԿ-ը չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից։
«Ուստի ՌԴ իշխանությունները գտնում են, որ Ուկրաինայի հարցի շուրջ Արևմուտքի հետ գլոբալ կոնսենսուսի ձևավորումից հետո կարող է առանցքային վերանայումներ իրականացնել արդեն բազմաբևեռ աշխարհակարգի շրջանակում։ Կարծում եմ՝ երբ ժամանակը հասունանա, ՌԴ-ն համապատասխան առաջարկները և պրոյեկտները կներկայացնի իր ԵԱՏՄ գործընկերներին, ինչպես նաև այն երկրներին, որոնց հետ հարաբերություններ է զարգացնում»,- ասաց վերլուծաբանը։
Սակայն, Սիմոնովի խոսքով՝ դեռևս վաղ է կանխատեսումներ անել, քանի որ նման պրոյեկտներ կայացնելը բարդ գործընթաց է՝ կախված՝ ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներից, այնպես էլ՝ երկրներից, որոնք կարող են համարվել դրա պոտենցիալ մասնակիցը։
«Ի սկզբանե Մաքսային միությունը, հետո ԵԱՏՄ-ն պետք է ունենային նաև որոշակի քաղաքական բաղադրիչ, սակայն դա չհաջողվեց ներդնել, և մնաց միայն տնտեսական համագործակցությունը։ ՌԴ իշխանությունները պետք է բոլոր նրբությունները, հնարավոր բարդությունները հասկանան, հաշվի առնելով նաև նախկին դասերը։ Ներկայումս ՌԴ քիչ գործընկերներ կցանկանան դրա մասը դառնալ, բայց գուցե մեկ տարի անց իրադարձությունները, դիրքորոշումները փոխեն, սակայն միգուցե տեղի չունենա, հստակ չենք կարող ասել»,- ասաց Սիմոնովը։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին չի բացառել ապագայում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքներին երկրի մասնակցության հնարավորությունը:
«Ապագայում դա հնարավոր է, սակայն հիմա տվյալ հարցը չկա, այդ ձևաչափում Վրաստանի տնտեսական և քաղաքական մասնակցության շահագրգռվածության և պատրաստակամության նախադրյալներ չկան»,- լրագրողներին ասել է Վոլսկին:
Վոլսկին կոչ է արել հետևել գործընթացներին։ Նա նաև հարց է տվել, թե ինչպես Վրաստանը կարող է մասնակցել մի ձևաչափի, որտեղ հաստատված չեն կապեր, այդ թվում՝ տնտեսական (խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է)։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։
Ադրբեջանում թույլատրվելու է օդանավերի ոչնչացումը, որոնք չեն համապատասխանում հարկադիր վայրէջքի հատուկ պահանջներին, որոնց առնչությամբ չկա հուսալի տեղեկատվություն ուղևորների առկայության մասին։
Ինչպես հաղորդում է APA-ն, դա արտացոլվել է ԱՀ Նախարարների կաբինետի կողմից «Պետական սահմանը խախտած օդանավերի և թռչող մեքենաների դեմ հակաօդային պաշտպանության զորքերի և մարտական տեխնիկայի օգտագործման կանոններում» ներկայացված փոփոխությունում։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։
BBC-ն Ադրբեջանի կառավարության առաջարկով մտադիր է փակել Բաքվում BBC News ադրբեջանական գրասենյակը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով BBC-ի այսօր հրապարակած հայտարարությանը։
Հրապարակման մեջ ասվում է, որ ընկերությունը որոշել է փակել գրասենյակը Բաքվում Ադրբեջանի կառավարությունից բանավոր հանձնարարականներ ստանալուց հետո։
Ինչպես հաղորդվում է, BBC-ի ադրբեջաներեն ծառայությունը գործում է 1994 թվականից։
ԱՄՆ-ն արբանյակների միջոցով տեսնում է, որ Ուկրաինան 700 հազար զինվոր է կորցրել։ Այս մասին գրում է Russian Mirror-ը մեջբերելով Ֆլորիդայում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Ուկրաինան հավանաբար 700 հազար զինվոր է կորցրել, և դա սարսափելի է, մարմինների մասեր են երևում, բոլոր դաշտերում, բոլոր: Մենք դրանք շատ ճշգրիտ տեսնում ենք արբանյակների միջոցով», - ասել է նա:
Թրամփը հավելել է, որ մարտադաշտի պատկերները «Գետիսբերգի ժամանակակից տարբերակն» են հիշեցնում։
Երեկ ԱՄՆ նախագահն ափսոսանք էր հայտնել, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։
Նա ընդգծել էր, որ դեռ մի քանի տարի առաջ Ուկրաինան կարող էր կարգավորման հասնել առանց տարածքային կորուստների, եթե գործընթացը թեկուզ «միջակ բանակցող» ղեկավարեր։
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 16:30-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (5-10 մետր) պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ, Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում, Սարավանի, Սպիտակի լեռնանցքներում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Թալինի, Անիի, Աբովյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-200 մետր։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 395.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.41 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.82 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.68 դրամ (աճել է 0.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (աճել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 396-397.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում է 415-419 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.24-4.35 դրամով, վաճառվում է 4.48-4.66 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 392 դրամով, վաճառվում՝ 396 դրամով:
Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 415 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով:
«Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն։ Ամբողջ աշխարհում մարդիկ սպասում են, եթե սրանք իմ դեմ ինչ–որ բան անեն, դու տե՛ս, ես սրանց գլխին ինչ եմ բերելու։ Ես բանտում էլ լինեմ, էնքան ինձ հարգող մարդիկ կան, որ տես՝ ինչ կլինի սրանց գլխին»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք քրեական գործի առկայությունը չի՞ խանգարի ընտրական գործընթացներին մասնակցելուն։
«Էդ նավթալինի հոտը, որ մեզ ուզում են կպցնել 2007 թվականից, արդեն ժողովուրդը հոգնել է և ծիծաղում է։ Այն մարդիկ, ովքեր տարածում են այդ խոսակցությունները, իրենք են կապված քրեական աշխարհի հետ, ավելի ուժեղ քրեական են, քան մենք։ Ես ոչ մեկի ունեցվածքը չեմ խլել, ոչ մեկի հետ 50/50 չեմ եղել, ոչ մեկն իմ ձեռքով քնած չէ, բայց որ խորանանք, կտեսնենք այս ամենն ում տակ է»։
Վարդան Ղուկասյանը խորհուրդ տվեց շրջել քաղաքով և հարցնել, թե ովքեր են նման կերպ ապրել, և վստահեցրեց, որ բոլորն էլ գիտեն այդ հարցի պատասխանը։
«Հիմա որ գնաք հավաքարարին ու հովիվին էլ հարցնեք, թե էս երկրում ով է նման ձևով ապրել, գիտեն։ Նրանք գիտեն, թե ոչ մեկ իրենց չի ճանաչում։ Բոլորի շապիկները պատռվել են, էլ ժողովուրդը կուտ չի ուտում։ Էլ կուտ չենք ուտելու, պարո՛ն թաքնվածներ։ Հանկարծ ինձ վրա մի հատ էլ «պակուշեննի» սարքեք, ամբողջ աշխարհի դեսպանատներին ուղղարկվելու է, թե սրա հետևը ով է կանգնած։ Մենք մեզ համար խելոք նստած էինք, դուք ստիպեցիք, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը։ Հիմա էլ քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ թեկնածուներից մեկին պետք է խփեն ու գցեն մեզ վրա»,–ասաց նա՝ նշելով, որ դեռևս չի ցանկանում աննուներ հրապարակել, բայց ըստ անհրաժեշտության պատրաստ է հանրայնացնել դրանք։
Վարդան Ղուկասյանը նշեց, որ չի պատրաստվում նույն կերպ պատասխանել իրեն վատաբանողներին։
«Ես վտանգ եմ ներկայացնում նրանց համար, որովհետև իմ հետևից ժողովուրդ է գնում, մենք իրենց ազգադավ հրամանները չենք կատարում։ Ուզում են միայն ստրուկներին թողնել, որ իրենց ասածները կատարեն»,–ասաց նա։
Նշենք, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել նախքան Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելը:
Փետրվարի 5-ից օտարերկրացի աշխատողները կարող են ՌԴ-ում գտնվել միայն պայմանագրի առկայության դեպքում: Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Նրանք, ովքեր ՌԴ-ում կլինեն առանց բնակության հիմքերի, կարող են արտաքսվել երկրից, ինչպես նաև մուտքագրվել վերստուգվող անձանց ռեեստրում: